«Պետո, ցավդ տանե~մ». Հերոսն այսօր կդառնար 50 տարեկան (Տեսանյութ, լուսանկարներ)
«Լյոտչիկին նայի, Մանվել, ո՞ւր ա գնացել»:
«Պետո, հեն ա, դավա~յ»:
15 հունվարի: 1993 թվական: Սրավենդ: Պետոյի ԻԳԼԱ-ի դիպուկ հարվածը պառկեցնում է թշնամու գերձայնային ՄԻԳ-25 կործանիչը:
Օդում երևացող սպիտակ ծխին հետևում են ազատամարտիկների գոռոցները. «Պետո, ցավդ տանե~մ», «հեեեեեեեյ»:
Տղերքը օդ են կրակում, ուրախանում են, թշնամուն հերթական անգամ ջախջախել են… իսկական ցնծություն:
Այս գործողության համար Արցախի բանակից ստացած գումարը Պետոն փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:
Հերոս Պետրոս Արշալուսի Ղեվոնդյանը ծնվել է 1964 թվականի այս օրը: Հերոսն այսօր կդառնար 50 տարեկան:
Պռոշյանցի Պետոն Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր։ Հայրենիքը պաշտպանելու գնաց կամավոր: Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ Պետոն մասնակցեց Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների բնակավայրերի ազատագրման մարտերին: Ոչնչացրեց Քարվաճառում եղած թշնամական հենակետերը:
Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարը մշակեց և իր գումարտակով, առանց զոհեր տալու, իրականացրեց Օմարի լեռնանցքի ազատագումը:
1994թ. փետրվարի 14-ին` Քարվաճառի Եղեգնուտ գյուղում վիրավոր ընկերոջը մարտի դաշտից դուրս բերելիս ականը պայթեց, հերոսն ընկավ:
1996 թ-ին Պետոն հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» շքանշանով, «Արիության համար» մեդալով: Ավելի ուշ ստացավ «Ոսկե արծիվ» շքանշան և արժանացավ «Արցախի հերոս» կոչմանը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունն են կրում Պռոշյանի ու Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: 2007-ին ֆակուլտետում բացվեց նրա անվան լսարանը:
«Խնդրում եմ, թույլատրեք դիպլոմային աշխատանքս հանձնել փետրվարի առաջին կեսին: Քանի, որ 1992 թվականին նշանակված դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը չեմ մասնակցել: Բացակայել եմ, որովհետև այդ ժամանակ մասնակցում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մղվող ինքնապաշտպանական մարտերին:
Դիմող` Պետրոս Ղևոնդյան»: 29 հունվարի, 1993 թվական: