Սերժ Սարգսյան. Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում
«Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել»: Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա կայացած բանակցությունները որակել է բովանդակալից և արդյունավետ:
«Երկկողմ կապերի զարգացման վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով»,-ասուլիսի ժամանակ, ըստ երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի, հայտարարել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք կարևորել են հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:
«Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը»:
Ս. Սարգսյանը նաև նշել է, որ Չեխիայի նախագահին հրավիրել է պետական այցով այցելել Հայաստան. «Շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները