Աշոտյանը Վրաստանում բարձրացրել է հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը
Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև Վրաստանում ապրող հայերի կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նախարարը, մասնավորապես, նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը:
Սանիկիձեն հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է:
Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Վրաստանի ԿԳ նախարարն էլ հայտնել է, որ այժմ վերանայում են ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին:
Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները:
Սանիկիձեն իր հերթին ասել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում:
ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաներ ի կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ Վրաստանի ԿԳ նախարարն ասել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել:
Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը:
ՀՀ ԿԳ նախարարը հիշեցրել է նաև, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:
Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:
Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա