ԱԱԾ. Այժմ զբաղվում են ադրբեջանցի ընտանիքի հետագա ճակատագրով
Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի, հետ ամուսնանալուց հետո:
Ըստ աղբյուրի, չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
«Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան