Կարծիքներ. Պատերազմի հետևանքներն Ադրբեջանի համար անդառնալի կլինեն
Վերջին օրերին, սահմանագծին առկա լարվածությունը համեմատաբար նվազել է, սակայն կողմերը շարունակում են կորուստներ կրել: Ավելին, ԼՂՀ ՊՆ-ն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵԿՄ ներկայացուցիչ Կարեն Սարիբեկյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը մեկ բառով կանվանի շանտաժ: Այս մասին վերջինս նշեց Panorama.am-ի հետ զրույցում:
«Չեմ կարծում, թե Ադրբեջանում այսքան շուտ մոռացած լինեն այն ամենը, ինչը տեղի ունեցավ 90-ականների սկզբին ռազմաճակատում և առավել փորձառուները լավ գիտեն, թե ինչ տեղի կունենա իրենց հետ` պատերազմի վերսկսման դեպքում: Պատերազմը ենթադրում է երկուստեք կորուստներ, սակայն եթե ադրբեջանը կրկին պատերազմ սկսի, ապա այս անգամ հետևանքները նրա համար անդառնալի կլինեն»,- նշեց Կ. Սարիբեկյանը:
ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռայեվսկին «Ռեգնում»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բաքվի գործողությունները առաջնագծում ներքաղաքական դրդապատճառներ ունեն:
Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ինքնավստահ «վոժդի» կերպար ստեղծել` փորձելով ցույց տալ, թե իշխանությունները կարողանում են ինչ-որ կերպ եղանակ ստեղծել ու փոփոխություններ իրականացնել առկա իրավիճակում:
Ըստ նրա, ամեն դեպքում Ադրբեջանն ապացուցել է, որ նման քայլերի դեպքում նպատակ չի հետապնդում լայնամասշտաբ գործողություններ վերսկսել:
Վերջինս ասել է, որ եթե Ադրբեջանն իսկապես փորձի վերսկսել պատերազմը, ապա դա որպես ավանտյուրա կդիտվի և այդ հարցում նա որևէ գործընկերոջից աջակցություն չի ստանա:
Մեկ այլ փորձագետ Ալեքսանդր Կռիլովը «Ռեգնում»-ի հետ զրույցում ընդգծել է, թե Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, որը սահմանագծին լարվածության է հանգեցնում` նպատակ ունի ճնշում գործադրել հայկական կողմի վրա:
Նրա խոսքերով, ռազմական գործողությունների վերսկսումը չի կարող շահավետ լինել Ադրբեջանի համար, քանզի այն լուրջ կորուստների կհանգեցնի:
Փորձագետը նշել է, որ սահմանային միջադեպերը` Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցներից է, որը նպատակ ունի մեղմացնել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում:
Կռիլովը ասել է, որ չի բացառվում, որ սահմանագծում Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությունը փոփոխություն կրի, սակայն դա այն դեպքում, եթե ուժերի հավասարակշռությունն հօգուտ Ադրբեջանի փոխվի:
Նա հավելել է, որ դա, մասնավորապես, կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ադրբեջանը համոզված լինի ուժի գործադրման դեպքում ԼՂ խնդրի արագ լուծման հարցում, իսկ Հայաստանում ներքաղաքական այնպիսի անկայուն իրավիճակ լինի, ինչպես «Մայդանում»:
Կռիլովը կարծում է, որ պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը: