«Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան»
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պրահայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել Պրահա քաղաքի պատվավոր այցելուների գրքում և Պրահայի քաղաքապետից ի նշան երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ստացել խորհրդանշական նվեր՝ քաղաքի բանալին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Պրահայի քաղաքապետն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձել է հայ և չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, պատմամշակութային առնչություններին, այդ համատեքստում խոսելով նաև մայրաքաղաք Պրահայում հայկական հետքի մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:
Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե մեծ բավականությամբ է այցելում հիասքանչ Պրահայի քաղաքապետարան Չեխիայի Հանրապետություն իր պետական այցի շրջանակում: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Չեխիայի միջև նորօրյա պատմության ընթացքում նախագահական մակարդակով իրականացվող այս առաջին այցը՝ հագեցած պաշտոնական հանդիպումներով ու գործնական քննարկումներով, ընթանում է հայ-չեխական ավանդական բարեկամության ոգով:
«Միանգամայն վստահ եմ, որ իմ պետական այցի ընթացքում Չեխիայի ղեկավար անձանց հետ արդյունավետ հանդիպումները կծառայեն վերջին տարիներին վերընթաց զարգացում ապրող հայ-չեխական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու և փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու նպատակին:
Իրոք, ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Մեկ անգամ ևս հիշատակեմ Պրահայի հայկական հետքի մասին մի հետաքրքիր փաստ. դեռևս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գևորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:
Երևանը և Պրահան, համագործակցության մեծ ներուժ ունեն, և հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն մեր մայրաքաղաքների միջև կապերն ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ակնկալում եմ Ձեզ հետ հանդիպել նաև մայրաքաղաք Երևանում»,-Պրահայի քաղաքապետի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պետական այցի շրջանակներում ի պատիվ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք:
Նախորդող հրապարակումներ՝
Կայացել է Սերժ Սարգսյանի ու Միլոշ Զեմանի հանդիպումը (Տեսանյութ)
Սերժ Սարգսյան. Ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև
Չեխիայի Սենատի նախագահ. Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան