Օզսահակյանը պահանջում է, որ Թուրքիան աշխատավարձ վճարի եկեղեցու սպասավորներին
Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հոգևորականները չեն վարձատրվում պետության կողմից, մինչդեռ իմամների (մահմեդական հոգևորական) աշխատավարձը վճարվում է պետական բյուջեից: Թուրքահայության հիմնադրամների խորհրդի ղեկավար Նազարեթ Օզսահակյանը դիմել է Թուրքիայի կառավարության կրոնական հարցերով վարչությանը` պահանջելով, որպեսզի ազգային փոքրամասնությունների հոգևորականների աշխատավարձերը ևս վճարվեն պետության միջոցներից, քանի որ համայնքներն ի վիճակի չեն վարձատրել եկեղեցու սպասավորներին:
Ի պատասխան վերոնշյալ դիմումին` կրոնական հարցերի վարչությունից արձագանքել էին. «Մենք վճարում ենք ձեր էլեկտրականության ծախսերը: Իսկ հոգևորականներին աշխատավարձ տալու կանոնակարգ չունենք»:
Ըստ «Հաբերթուրք» լրատվական կայքի` ստացված մերժումից հետո Օզսահակյանը չի ընկրկել և դիմել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանին` Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուին:
Օզսահակյանը նկատել է տալիս, որ Թուրքիայի քաղաքացիների միջև անհավասարություն կա: Ըստ նրա` հոգևորականներն ու իմամները (մուսուլմանական հոգևորական) պետք է հավասար դիտվեն պետության կողմից:
«Մենք ցանկանում ենք, որ ինչպես հարկ վճարելու դեպքում ենք հավասար, այնպես էլ քաղաքացիության իրավունքներից օգտվելու դեպքում հավասար լինենք: Եթե մեր պահանջը չբավարարվի, կդիմենք Սահմանադրական դատարան»,- հայտնել է Օզսահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում