Ծնունդների թիվը Հայաստանում գնալով նվազում է
2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 3 մլն 017.4 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 914.3 հազար, գյուղականը` 1 մլն 103.1 հազար մարդ: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը` ամփոփելով 2013թ-ը:
2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 770 ծնված, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7 տոկոսով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.8 տոկոս:
Նշենք, որ ծնունդների թիվը, փաստորեն, հանրապետությունում գնալով նվազում է. ըստ վիճակագրության, 2010թ-ին Հայաստանում ծնվել էր 44 737 երեխա, 2011թ-ին` 43 297, 2012թ-ին` 42 832 և ահա անցած տարի 41 770: Ցուցանիշն, անշուշտ, մտահոգիչ է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 27 165 դեպք: 2012թ. համեմատ մահվան դեպքերը նույնպես նվազել են` 1.6 տոկոսով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը նվազել է 0.1 պրոմիլային կետով:
Ուրախալին այն է, որ 2013թ-ին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը. բնական հավելաճը (ծնունդների և մահերի տարբերությունը) կազմել է 14 605 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 տոկոս` 2012թ.հունվար-դեկտեմբերի 4.9 տոկոսի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները