Ա. Եվստրատով. Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ պատժամիջոցների վերացումից հետո ավելի կբարելավվեն
Հայ-իրանական հարաբերությունները, ինչպես միշտ բարձր մակարդակի վրա են, ինչն արտահայտվում է լայն տնտեսական, ինչպես նաև քաղաքական համագործակցությամբ: Այս մասին ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալությանը ասել է «Iran News»-ի քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովը:
«Կասկած չկա, որ Թեհրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների վերացումը երկու կողմերին էլ ավելի մեծ դիվիդենտներ կտա: Իրանը բազմիցս շեշտել է, որ չի միջամտում ղարաբաղյան հակամարտությանը, սակայն պատրաստ է աշխատել երկու կողմերի հետ էլ: Բաքվի համար հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման դեպքում ամենավտանգավորը տնտեսական հետևանքները կարող են լինել, քանի որ Հայաստանի տրանզիտային հնարավորությունները պատժամիջոցներից ազատված Իրանի գազի և նավթի հետ համատեղ կարող են դուրս մղել ադրբեջանական արտադրանքը համաշխարհային շուկայից»,- կարծում է քաղաքագետը:
Իր հերթին, ռուս փորձագետ «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Մաքսիմ Շևչենկոն գտնում է, որ Իրանը մեծ դեր է խաղում Հարավային Կովկասում: Ըստ նրա` ներկա պահին Հայաստանի հիմնական դաշնակիցը հենց Իրանն է:
«Իրանը, իհարկե, ստիպված է պահպանել միությունը Հայաստանի հետ և Ղարաբաղի հարցում հավատարիմ մնալ որոշակի դիրքորոշման: Սա նպաստում է Իրանի և Ադրբեջանի միջև առճակատման առաջացմանը, ինչից ելք գտնելը շատ դժվար է»,- ասել է Շևչենկոն:
Ըստ Շևչենկոյի` Իրանը Հայաստանի հետ միության մեջ է, քանի որ Երևանը Իրանի միակ ելքն է ոչ միայն արտաքին աշխարհ, այլ նաև դեպի ֆինանսական հաստատություններ:
«Վեստի.ազ»-ի հոդվածում ասվում է, որ Հայաստանի գործոնը Իրանի համար Ադրբեջանին ճնշելու միջոց է: Իրանի իշխանությունները երկրի տարածքում բնակվող ադրբեջանցիներին դիտում են որպես անջատողականներ և հաշվի առնելով այս վտանգը` ճնշումը Բաքվի հանդեպ, ինչպես նաև Ադրբեջանի թուլացումը շահավետ է Իրանի համար:
«Ո՞վ կարող է այս հարցում օգնել Իրանին: Իհարկե, Հայաստանը: Քաղաքականությունը մեր առջև բացեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող մի արտասովոր երևույթ, երբ Իսլամական պետության շահերը համընկնում են քրիստոնյա հանրապետության շահերի հետ»,- գրում է «Վեստի.ազ»-ը: