«Կանաչ անձնագրերով»՝ դեպի ՌԴ
Թեև 2013 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել էր իր գործունեությունը Հայաստանում, սակայն պարզվում է՝ դա ընդամենը մի քանի ամիս է տևել:
Ծրագրին մասնակցած մի քանի մարդ «Ժամանակ»-ի թղթակցին պատմել են, որ ծրագիրն ընդամենը մի քանի ամիս է դադարեցրել հայտերի ընդունումը՝ մայիսից մինչև օգոստոս: Իսկ օգոստոսից մարդիկ կարողացել են հանգիստ ներկայացնել իրենց փաստաթղթերը: Մի քանիսն արդեն դեկտեմբեր ամսին դրական պատասխան էին ստացել և վերցրել իրենց «կանաչ անձնագրերը»:
Դա նշանակում է, որ առաջիկայում նրանք հնարավորություն ունեն արդեն հեռանալու Հայաստանից: Ծրագրին դիմած մի քանի քաղաքացի էլ պատմել են, որ երբ այս տարի հունվարին գնացել են հայտ ներկայացնելու, իրենց պատասխանել են, որ 2014 թվականի բոլոր տեղերը զբաղված են: