Թևոսիկի եղբոր հոգեհանգստին ներկա են եղել Թոխմախի Մհերը, Խուճուճ Էդոն, Տիգրան Արզաքանցյանը և այլոք
Հունվարի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել է, որ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր հոգեհանգստին ներկա է գտնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):
Թերթին հայտնի է դարձել, որ բացի նրանից՝ այդ հոգեհանգստին ներկա են եղել նաև պատգամավորի խնամին՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սիրված երգիչներ Ներսիկ Իսպիրյանն ու նրա եղբորորդի Աղասի Իսպիրյանը:
Ներսիկ Իսպիրյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ մահացած Արթուր Սաֆարյանն իր հորեղբոր թոռն էր: Հարցին՝ ինչ գիտի կատարվածի մասին, ով կարող էր սպանել իր բարեկամին, Ներսիկ Իսպիրյանը չի ցանկացել մեկնաբանել՝ նշելով, թե դա իր ոլորտը չէ, և ինքը ոչինչ չի ցանկանում խոսել այդ մասին: