«Պատերազմով փորձվածները»` Lenta.ru-ի անդրադարձը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերին
Ռուսական «Lenta.ru» կայքը նախկին ԽՍՀՄ զինված ուժերին նվիրված հոդվածների շարքում «Պատերազմով փորձվածները» վերտառությամբ անդրադաձել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին:
Հայաստանում սեփական զինված ուժերի կազմավորման գործընթացը սկսվել է ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին: Այդ ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին ի հայտ եկան կամավորական խմբեր՝ զինված այն զենքերով, ինչ կարողացել էին գտնել զինված կազմակերպություններում, ռազմական գործով զբաղվողների շարքերում և նման այլ տեղերում:
1991 թվականին Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայերը կազմում են բնակչության մեծամասնություն, ստեղծվեցին պաշտպանական կազմավորումներ: Ավելի ուշ ձևավորվեց Պաշտպանության նախարարությունը և սկսվեց պաշտոնական Զինված ուժերի կազմավորումը (նմանատիպ գործընթաց սկսվեց նաև Լեռնային Ղարաբաղում, որը ևս անկախություն էր): Հայաստանը, ինչպես և նախկին ԽՍՀՄ այլ երկրները, ստացավ իր տարածքում գտնվող խորհրդային բանակի ունեցվածքի մի մասը:
Հայ և արցախյան զինվորների համար լուրջ փորձություն դարձավ 1990-ականների առաջին կեսերին Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմը: Նրանց հաջողվեց հաղթահարել ադրբեջանական բանակի դիմադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո պահպանեց իր անկախությունը (չնայած մինչ օրս էլ միջազգային ճանաչում չի ստացել):
Հայկական բանակի թվաքանակը այժմ գնահատվում է մոտ 50 հազար մարդ: Զինված ուժերը համալրվում են զորակոչի միջոցով,-ասված է նյութում:
Նկատենք, որ ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ-ի թվակազմի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում, սակայն ըստ առկա տեղեկությունների այն 60-65 հազարի է հասնում (ծանոթ. panorama.am-ի):
Նյութում նշվում է նաև, որ ԶՈՒ-ն համալրվում է զորակոչի միջոցով, սակայն պետք է հավելել, որ Հայաստանում 2000-ականների սկզբին ներդրվեց պայմանագրայինների ինստիտուտը և ներկայումս, հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանակն զորքերի շփման գծի տարբեր հատվածներում (հատկապես վտանգավոր վայրերում) մարտական հերթապահություն են իրականացնում պայմանագրային ստորաբաժանումները:
Հայաստանը հայտարարել է ապագայում լրիվությամբ արհեստավարժ բանակի անցման մասին, սակայն հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի առկայությունը, ներկայումս դեռ հնարավոր չի լինում ամբողջովին անցնել պրոֆեսիոնալ բանակի: