Տարաձայնություններ Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի օրակարգն հաստատելուց հետո ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարել: Համաձայն որի, հանձնաժողովը նախկին 7 անդամի փոխարեն, ունենա 11 անդամ, որից 5-ը Հանրապետական խմբակցությունից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» և մեկական պատգամավոր էլ մյուս խմբակցություններից:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն իր այս առաջարկությունը հիմնավորեց ԱԺ կանոնակարգ օրենքի 25 հոդվածով:
Հիշեցնենք, դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստերից մեկում հայ-ռուսական հայտնի գազային համաձայնագրի քվերակության ժամանակ պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը վերցրել էր, և պատգամավորները ստիպված էին եղել ձեռքով քվեարկություն կատարել: Այդ քվեարկության արդյունքները խորհրդարանական ոչ իշխանական ուժերը համարում էին անօրինական, քվեարկության արդյունքները ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հաշվել էր ձեռքով և բացի այդ Հաշվիչ հանձնաժողովը քվորում չէր ունեցել:
«Այն առաջարկը, որն արվում է Հանրապետական կուսակցության կողմից ուղղված է ապօրինությունների մեխանիզմը անխափան դարձնելուն: Բնականաբար, ես ՀԱԿ խմբակցության անունից հայտարարում եմ, որ եթե նման որոշում ընդունվի, ՀԱԿ-ը հրաժարվում է մասնակցել Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- Սահակյանի առաջարկությունից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նկատեց, որ իր կարծիքով, այդ հարցն առանց քննարկելու և մեծամասնության ցանկությամբ ընդունելը պատիվ կբերի Ազգային ժողովին:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ իրենք առաջարկում են 20 րոպեանոց ընդմիջում հայտարարել` «միմյանց հասկանալու համար»:
Իսկ ԱԺ նախագահն էլ խմբակցությունների ղեկավարներին առաջարկեց իր աշխատասենյակում հանդիպել ու քննարկել հարցը և գալ ընդհանուր հայտարարի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան