Ա.Մանուկյան. Անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի 300 մլն դոլար պարտքի գոյացումը
Առավոտյան ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններ կազմակերպել էին ստորագրահավաք, ըստ որի առաջարկվում է ստեղծել գազի պարտքն ուսումնասիրող ժամանակավոր, բազմակուսակցական հանձնաժողով: Ստորագրահավաքի արդյունքում հաջողվել էր ստանալ 49 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հարցը դրվեց քննարկման:
«Անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի 300 մլն դոլար պարտքի գոյացումը, գոյացման պատճառները և կպարզի ի վերջո, թե ինչպես է առաջացել մեծածախ և փոքրածախ գազի գնի տարբերությունը: Գազին վերաբերող հարցերը շատ-շատ են, սակայն այս երկու հարցն է, որ ամենից շատն է հուզում հասարակության բոլոր շերտերին»,- ներկայացնելով նախագիծը` ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` այս պարտքը գաղտնի է պահվել մի քանի տարի շարունակ ու անգամ ԱԺ-ին տեղյակ չի պահվել դրա մասին.
«Իրականությունն այն է, որ գազային սակագնի վերաբերյալ նոր պայմանագրերը գաղտնի են պահվել, որպեսզի հասարակական լարվածություն չլինի»,- իր կարծիքը նշեց ՀԱԿ պատգամավորը:
«Ի վերջո քննարկել է պետք, բարձրաձայնել` ինչպե՞ս է այդպես ստացվում, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գազի գինը հինգ անգամ բարձրացել է, բայց հասարակությունը դրա մասին տեղեկացել է միայն երկու անգամ»,- հավելեց նա:
Նշենք, որ հարցի քննարկումը ԱԺ-ում այս պահին ընդհատվել է` ընդմիջում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները