Հայաստանում մտադիր են բարձրացնել ՍԴ անդամների թոշակը
Հայաստանի նախագահը առարկել և Ազգային ժողով է վերադարձրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը` նոր խմբագրություններով: Հայաստանի նախագահն առաջարկել է սոցիալական երաշխիքներ տալ ՍԴ անդամի պաշտոն զբաղեցրած անձանց:
Հարցի հարակից զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր նախագծերի ներկայացման ժամանակ հստակ չասաց, թե որքան է բարձրանում ՍԴ անդամների կենսաթոշակը: Նա նույնիսկ այդ մասով չարձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե ՍԴ անդամների կենսաթոշակը այս փոփոխությունից հետո կարող է հասնել 450-500 հազար դրամի:
Փաշինյանն իր ելույթում նկատեց նաև, որ այս նախաձեռնության մեջ ինքը ենթատեքստ է տեսնում ՍԴ-ում գտնվող ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից ՍԴ ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին վիճահարույց օրենքի շուրջ գործընթացում:
«Ես ընդհանրապես, իմ ընդդիմադիր գործընկերներին ասում եմ, ու ՍԴ դիմելով, մենք նպաստում ենք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտանիքի անդամների կարիերայի, ՍԴ անդամների ֆինանսատնտեսական վիճակի բարելավմանը: ՍԴ ենք դիմել կուտակային կենսաթոշակների հետ կապված և կառավարությունը հիմա փորձում է ՍԴ անդամներին ապահով ծերություն ապահովել»,-հայտարարեց Փաշինյանը:
Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ որևէ ենթատեքստ պետք չէ փնտրել և հավելեց. «Շատ առարկայական, իրավական խնդիր կա և օրենքի փոփոխությունները, որոնք կատարվում են, ցանկացած պաշտոնատար անձի համար երաշխիքների առումով, եթե հետադարձ ուժի առումով խնդիր է առաջանում, ապա պետք է անցումային դրույթներ ունենան, որոնք թույլ կտան պահպանել օրենքով սահմանված երաշխիքները»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախարար Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք մյուս ատյանների դատավորների վրա ևս այս օրինագիծը մինչև հուլիսի 1-ը չպե՞տք է տարածվեր:
«Ինչքանով հասկանում եմ, վիճակի վատթարացում է տեղի ունենում գործող դատավորների մասով և սրանով բացառություն ենք անում ՍԴ դատավորների համար: Արդյոք բացառություն չպե՞տք է անել մյուս դատավորների համար ևս», -հարցը լրացրեց պատգամավորը:
Արտեմ Ասատրյանը բացատրեց, որ ներկայումս գործող օրենսդրությամբ տարբերությունն ան է, որ ՍԴ անդամների համար կենսաթոշակի իրավունքի պայմանները ստաժի հետ կապված չէ, իսկ դատավորների մասով սահմանված է 10 տարվա ստաժ ունենալու հանգամանքը:
«Լրացուցիչ ուսումնասիրում ենք այդ հարցը և անհրաժեշտռության դեպքում լրացուցիչ առաջարկությամբ հանդես կգանք», -հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները