ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը նախկին 7-ի փոխարեն կունենա 11 անդամ և մեծ մասը Հանրապետականներ
Այսօր Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումից հետո ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արդեն ԱԺ նիստերի դահլիճում առաջարկեց իր նախաձեռնությոն շուրջ քննարկումները շարունակել և քվեարկությունը կազմակերպել ԱԺ վաղվա նիստում:
Սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հակադարձեցին, ասելով, որ դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում կարող է համարվել, քանզի ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը, ըստ օրենքի, պետք է ձևավորվի նստաշրջանի առաջին նիստում: Եվ ԱԺ նախագահին այլ բան չէր մնում, քան հարցը դնել քվեարկության:
Հիշեցնենք` Սահակյանն առաջարկում էր ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախկինում 7 հոգանոց կազմը դարձնել 11 հոգանոց, որից 5-ը Հանրապետական խմբակցությունից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» և մեկական պատգամավոր էլ մյուս խմաբակցություններից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են հարցը, և ԲՀ խմբակցությունը չի մասնակցում Սահակյանի առաջարկած հարցի քվեարկությանը:
«Մեզ համար ակնհայտ է խնդիրը` ունենալ տոտալ մեծամասնություն` մնացած այլ քաղաքական ուժերի ձայնը հաշվի չառնելու համար: Եթե ընդունվում է այս տարբերակը «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու և անդամ չի ներկայացնելու այդ կերպ ձևավորված Հաշվիչ հանձնաժողովում», -հայտարարեց Զոհրաբյանը:
Քվեարկության արդյունքներով ձայների մեծամասնությամբ` 67 կողմ և 1 ձեռնպահ, որոշվեց փոփոխություն մտցնել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կազմում:
Խորհրդարանական ընդդիմության առաջարկությունը` Հաշվիչ հանձնաժողովի կազմի ձևավորման մեջ փոփոխություն չկատարել և հանձնաժողովի 7 հոգանոց կազմը թողնել նույնը, ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հետ վերցրեց. «Ես անիմաստ եմ համարում դրա քվեարկությունը և այդ պատճառով էլ հանում եմ քվեարկությունից»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ևս չմասնակցեց Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցի քվեարկությանը, և այդ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են անդամի թեկնածու ներկայացնել:
Քվեարկությունից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունից որևէ ներկայացուցիչ չի ընդգրկվի Հաշվիչ հանձնաժողովի կազմում. «ՀԱԿ խմբակցությունը սա գնահատում է որպես փորձ ստեղծելու ապօրինությունների մեխանիզմ Ազգային ժողովում և խորացնելու դա»:
Խմբակցությունների տեսակետը լսելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իր կարծիքով կատարվածը ԱԺ բնականոն աշխատանքները խաթարելու և ԱԺ մեծամասնությանը ճնշելու փորձ է:
«Դա ձեզ չի հաջողվի»,- հավելեց խորհրդարանի խոսնակը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պահանջով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց քվեարկության արդյունքները տրամադրել խմբակցություններին:
Նախորդող հրապարակում`
Տարաձայնություններ Ազգային ժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան