Կրակոցներ մոսկովյան դպրոցում, կա երկու զոհ
Մոսկվայի թիվ 263 դպրոցում այսօր արտակարգ դրություն էր. մի 10-րդ դասարանցի հոր հրացանը հետը դպրոց էր բերել ու կրակ արձակել ուսուցչի և անվտանգության աշխատակցի ուղղությամբ, ապա պատանդ վերցրել համադասարանցիներին` շուրջ քսան աշակերտի:
Կրակոցներից աշխարհագրության ուսուցիչը զոհվել էր տեղում, անվտանգության աշխատակիցը վիրավորվել, իսկ ավելի ուշ սպանվել էր նաև դպրոց ժամանած ոստիկաններից մեկը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ահազանգը ստանալուց երկու ժամ անց պատանդներին ազատ են արձակել, հանցագործ-երիտասարդը բերման է ենթարկվել: Այժմ նրա հետ աշխատում են իրավապահները, հարուցվել է քրեական գործ` երեք հոդվածներով:
Նշվում է, որ նման քայլի պատճառ է հանդիսացել կոնֆլիկտային վիճակը դպրոցում, երիտասարդը, ով գերազանցիկ էր ու հավակնում էր ոսկե մեդալի, խնդիրներ է ունեցել սպանված ուսուցչի հետ:
Աշակերտների հետ այժմ աշխատում են հոգեբանները, վաղվանից դպրոցը կգործի սովորական ռեժիմով:
Արյունալի միջադեպից հետո Պետական դումայում ակտիվ քննարկում են զենքի տարածման և պահման խստացման անհրաժեշտությունը:
Պատգամավորները նշել են, որ նման երևույթները բնորոշ չեն Ռուսաստանին, սակայն լայն տարածում ունեն ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով հարկավոր է խստացնել զենքի շուկայի վերահսկողությունը:
Բացի այդ, նշվել է նաև, որ նման քայլի կարող են դրդել լայն տարածում ունեցող ագրեսիվ համակարգչային խաղերը: