ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձել
Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթական զեկույցն է հրապարակել, որում անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին և, մասնավորապես, սահմանագծին ստեղծված լարված իրավիճակին: Զեկույցը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում:
ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հունվար ամսին, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մի շարք միջադեպեր են գրանցվել:
Ըստ զեկույցի, արձանագրված բախումներն ու երկու կողմից հնչող պաշտոնական հայտարարություններն իրավիճակն աննախադեպ վտանգավոր են դարձրել. երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են խախտումների հարցում:
Հիշեցնենք, որ սահմանագծին տիրող իրավիճակին առավել լարվածություն են հաղորդել, նախորդ տասնօրյակում, ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններն ու դիպուկահարների ակտիվությունը, ավելին, Ադրբեջանը օդ էր բարձրացրել նաև օդուժը, որոնք սահմանագծին ադրբեջանական հատվածներում թռիչքներ էին իրականացնում: ՀՀ ՊՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ՀՕՊ զորքերը հետևում են ադրբեջանական օդուժի շարժերին: