«Հայաստանը հանդիսանում է լայն դարպաս դեպի Մաքսային միության շուկաներ». Էկոնոմիկայի փոխնախարար
Երևանում այսօր մեկնարկեց հայ-հնդկական գործարար համաժողովը` նվիրված դեղագործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը: Համաժողովին մասնակցում էին երեք տասնյակից ավելի հնդկական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են դեղերի արտադրությամբ:
Համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը նշեց, որ Հնդկաստանը հայտնի է դեղագործական ոլորտի արտադրությունով, և նպատակ ունեն համագործակցել այդ ընկերությունների հետ` համատեղ ձեռնարկությունների ստեղծման առումով:
Բացի այդ, ըստ փոխնախարարի, Մաքսային միությանը` Հայաստանի անդամակցությունը ևս լայն հեռանկարներ է բացում հնդիկ գործարարների համար. «Դրսի ներդրողների համար Հայաստանը հանդիսանում է լայն դարպաս դեպի Մաքսային միության շուկաներ»:
Տ. Հարությունյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում կան ազատ տնտեսական գոտիներ, որտեղ դեղագործական ընկերությունները կարող են իրենց արտադրությունը հիմնել: Օրենքով այդ ընկերություններին կտրվեն մի շարք արտոնություններ, մասնավորապես` կազատվեն բոլոր հարկատեսակներից և մաքսային վճարներից:
«Այսինքն` առանց հավելյալ ծախսերի, ներդրողները կարող են արտադրել և արտահանել իրենց արտադրանքը»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ ըստ Զարգացման հայկական գործակալության տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետությունների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ-ին կազմել է 62,1 մլն ԱՄՆ դոլար, որից 193 հազար դոլարը Հնդկաստանից ներմուծումն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում