Արմեն Մարտիրոսյան. Թևան Պողոսյանը շատ ճիշտ որոշում է կայացրել (տեսանյութ)
«Ուրախ եմ ու դրական եմ գնահատում գործընկերոջս, ընկերոջս՝ Թևան Պողոսյանի՝ պատգամավորական գործունեությունը շարունակելու որոշումը»,- ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, Թ. Պողոսյանն այս տարիների ընթացքում բացառապես դրական գործունեությամբ է աչքի ընկել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ժամանակ, նաև արտաքին ճակատում մեծ աշխատանք է տանում. «Ուստի, իր այդ աշխատանքը դրական գնահատելով, հույս ունենք, որ այն ավելի մեծ ծավալով կիրականացնի հետագայում:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար նշանակելուն, կուսակցության փոխնախագահը նշեց, որ խմբակցությունը պետք է գործի ամբողջ ծավալով և այս որոշումն այդ շրջանակում էր:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե փետրվարի 18-ին «Ժառանգությունը» հանրահավաք է անցկացնելու. «Քանի որ, օրենքի համաձայն յոթ օր առաջ պետք է իրազեկում ներկայացնել հրապարակային միջոցառում անցկացնելու համար, մենք այդ գործողությունն իրականացրել ենք, սակայն թե ինչ ֆորմատով պետք է այն տեղի ունենա, ինչ ֆորմատով պետք է Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքն ուղղի ժողովրդին, կքննարկենք մոտակա օրերին ու կտեղեկացնենք»: