Կարծիքներ. Կանաչ լույս ադրբեջանական ագրեսիայի համար
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել է առաջնագծում տիրող իրավիճակին և հայտարարել, որ այդ ամենի համար պատասխանատու են կողմերը: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կողմերի խոսքերն ու քայլեր չեն համապատասխանում միմյանց: Երկու դեպքում էլ, փորձ է կատարվում իրավիճակի պատասխանատվությունը բարդել և Ադրբեջանի, և հայկական կողմերի վրա:
Panorama.am-ի հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն անթույլատրելի համարեց այսպիսի մոտեցումները, համարելով, որ սրանով, միջնորդները կանաչ լույս են վառում ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության համար:
Նրա խոսքերով, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում. «Ադրբեջանը շարունակ խոսում է պատերազմի վերսկսման մասին, մեծածավալ սպառազինություն կուտակում, սպառնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ նաև Հայաստանին` Երևանի տարածքը համարելով Ադրբեջանի պատմական տարածք, և այսքան բանից հետո, միջնորդ երկրները մեղադրում են նաև հայկական կողմերին` պրոցեսը նման հունով գնալու համար: Միջնորդների այսպիսի հայտարարություններն Ադրբեջանում միայն կարող են հրճվանք առաջացնել, համոզված եմ, որ ավելի լավ նվեր Բաքվում չէին էլ ակնկալում»:
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի տպավորությամբ, միջնորդները նման մեկնաբանություններ են տարածել` «գտնվելով ադրբեջանական ԶԼՄ-ի տոտալ քարոզչության ազդեցության տալ»:
«Հակառակ դեպքում, դժվար է հասկանալ, թե ինչն է դրդել նրանց` մեղադրանքի սլաքներ ուղղել նաև Հայաստանի նկատմամբ, ի վերջո, ո՞րն է Հայաստանի խնդիրը ստեղծված իրավիճակում: Միգուցե, միջնորդներն ակնկալում էին, որ հայկական կողմը չէ՞ր պատասխանի հակառակորդի ագրեսիվ քայլերին: Հայտնի է, որ հայկական կողմն արձագանքում է` միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ հակառակորդը նպատակուղղված գործողությունների է գնում: Այս տեսանկյունից, միջնորդների հայտարարություններն անհասկանալի իրավիճակ են ստեղծում»,- ասաց ռազմական փորձագետը:
Նա ասաց, որ միջնորդ երկրներն իրականում պասիվ կեցվածք են ընդունել, կարծես թե, այդքան էլ չեն տիրապետում ստեղված իրավիճակին:
Դ. Սոֆիյանը նշեց, որ առկա իրավիճակում մեծ անելիքներ ունի դիվանագիտական կորպուսը, որոնք իրենց աշխատանքով պետք է բացառեն հետագայում նման երանգավորմամբ հայտարարությունները:
Նախորդիվ`
Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում
Համանախագահները Երևան կժամանեն փետրվարի 5-ին
Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների