Աշխարհում, նաև Հայաստանում չարորակ ուռուցքներով հիվանդների թիվն ավելանում է
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Մեր հանրապետությունում 2002թ. հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, իսկ 2012թ.` 7877:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ է նկատվում: Եթե 2002թ. 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց` 240»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը` ներկայացնելով ոլորտում առկա վիճակը, խնդիրներն ու ծրագրերը:
Հ.Գալստյանի խոսքերով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2020թ. Երկիր մոլորակի վրա կարձանագրվի չարորակ ուռուցքներով հիվանդության 20 մլն. նոր դեպք, իսկ մահացողների թիվը կկազմի 10 մլն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Հ.Գալստյանի. «Մեր կանխատեսումներով 2022թ. Հայաստանում կարձանագրվի 10 հազար նոր հիվանդ, և ինչպես այժմ, այնպես էլ՝ 10 տարի անց առավել հաճախ կհանդիպեն թոքի, կրծքագեղձի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը»:
Հաշվի առնելով այս ամենը, ըստ Հ.Գալստյանի, պետք է կանխարգելիչ լուրջ միջոցառումներ ձեռնարկել:
Նրա խոսքերով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին 3 տարում զգալի կերպով հարստացել է ախտորոշիչ և բուժական ժամանակակից, նոր սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ: Կենտրոնը հագեցվել է համակարգչային շերտանկարահանման սարքով /ԿՏ/ , ռենտգենյան ախտորոշիչ շարժական սարքով, մամոգրաֆով, ուլտրաձայնային հետազոտության սարքերով, ռադիոիզոտոպային հետազոտության լաբորատորիայով` СПЕКТ կամերայով և այլն:
«Չնայած որոշակի ձեռքբերումներին, անելիքներն ու խնդիրները դեռևս շատ են: Առաջնային է շենքի վերանորոգման հարցը, քանի որ 1980թ. շահագործման հանձնելուց հետո այն չի նորոգվել։ Կենտրոնին անհրաժեշտ է մագնիսառեզոնանսային շերտանկարահանման, ինչպես նաև ռենտգենյան ստացիոնար հետազոտության սարք»,- ասաց Հ.Գալստյանը:
Նշվեց նաև, որ կենտրոնում իրականացվում են բոլոր օրգանների բավական բարդ վիրահատություններ: Մասնավորապես, 2013թ. կենտրոնում կատարվել է 3466 վիրահատություն, քիմիաթերապիա է ստացել 4713 հիվանդ, իսկ ճառագայթային բուժում անցել 1112-ը: Քիմիաթերապիան ներկայումս կատարվում է միջազգային չափորոշիչներով և նոր սերնդի քիմիապրեպարատներով:
Բուժման արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ այսօր կենտրոնի հսկողության տակ գտնվող ավելի քան 35 000 հիվանդներից շուրջ 20 հազարի մոտ բուժումից անցել է 5 և ավելի տարի, և նրանք համարվում են գործնականում առողջ:
«Չարորակ ուռուցքը դատավճիռ չէ, եթե այն վաղ շրջանում հայտնաբերվի և բուժվի»,- ասաց Հ.Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա