Փոստանջյանը հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու. Դավիթ Հարությունյան
Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներն ամփոփելու նպատակով կազմակերպված ասուլիսում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց. «Փոստանջյանը հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու և ձեռնպահ մնաց այդ հարցը բարձրաձայնելուց»:
Նա ասաց, որ Զարուհի Փոստանջյանի ուղևորությունների հարցով ինքը չի զբաղվում, հետևաբար ինքը չի կարող ասել, թե ինչու Փոստանջյանը չէր եկել Ստրասբուրգ այն դեպքում, երբ անձնական հրավեր ուներ Վեհաժողովից: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության լիազորությունների հարցի վիճարկմանը, Հարությունյանն ասաց, որ ինքը նախապես գիտեր, որ նման հարց բարձրացնելու դեպքում հարցը կլուծվեր բացառապես Հայաստանի օգտին։
Պատգամավորի ներկայացմամբ, որևէ երկրի պատվիրակության կազմի վիճարկման գործընթացը սկսվում է նիստի մեկնարկին, երբ հարց է տրվում, թե կա՞ առարկություն, և եթե տասը պատգամավոր կանգնում ու ասում են, որ վիճարկում են ինչ-որ երկրի պատվիրակության կազմը, ապա այն ավտոմատ ուղղվում է կանոնակարգային հանձնաժողով, որն ինքնուրույն ոչինչ չի կարող որոշել:
«Եթե որևէ պատգամավոր չի բարձրացել ու չի վիճարկել այդ հարցը, ուրեմն հարցը չի բարձրացվում: Որևէ պատգամավոր չի վիճարկել, ավտոմատ կերպով մեր պատվիրակության լիազորությունները հաստատվել են: Եթե որևէ մեկը մտադիր էր դա վիճարկել, ապա նա պետք է համոզեր առնվազն տասը պատգամավորի ոտքի կանգնել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: