ՏՏ ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ. վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայկական արտադրության առաջին պլանշետի պաշտոնական բացմանը ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները, նշեց, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է:
Վարչապետի խոսքերով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել:
«Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է, ինչի արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները»,- ասաց վարչապետը` հավելելով, որ IBM-ի միջոցով համագործակցում են նաև ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակը:
Ըստ Տ.Սարգսյանի` «Մայքրոսոֆթ»-ը նույնպես Հայաստանում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի չորս լավագույն կենտրոններից մեկը:
Նշվեց նաև, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի աճել է 1800-ով և կազմել 11 հազար, որոնցից 9 հազարը հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ: Այսինքն, կառավարության կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2000 մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30 տոկոսի տնտեսական աճին, դարձել է իրականություն:
Տ.Սարգսյանի խոսքերով՝ ՏՏ բնագավառում առկա է բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում:
Անդրադառնալով Գյումրու տեխնոպարկին, վարչապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ ավարտվել են տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները և շուրջ 6 հազար քմ տարածք պատրաստ է շահագործման: Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ:
Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում: Միաժամանակ, տեխնոպարկի կից գործելու է նաև D-Link ընկերությունը:
Ըստ նրա` սա նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա:
«Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ ներարկումներ: Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start-ap-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից»,- նշեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում