ԿԳՆ. Գիտական աստիճանաշնորհման համակարգը խստանում է
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարարը տեղեկացրել է, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
«Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «պերացիոն», քան որոշում կայացնող մարմիններ:
Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը»,- ասել է նախարարը:
Նշենք, որ ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները ևս խստացվել են:
Երիտասարդ գիտնականները նախարարին գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել:
Երիտասարդ գիտնականներն առաջարկել են մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները:
Արմեն Աշոտյանը հանձնարարել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում անպայման ներառել նաև Ցեղասպանության մասին գիտական ուսումնասիրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան