Բաքուն շարունակում է սպառնալ, իսկ միջնորդները դեռ լավատես են
Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ընթացքում Զ. Հասանովը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է` հավելելով, որ «Ադրբեջանը երբեք չի համակերպվի օկուպացիայի փաստի հետ և իրեն իրավունք է վերապահում ազատագրել հողերը»:
Մի կողմից, համանախագահները փորձում են ցույց տալ, թե լավատեսական տրամադրվածությամբ են եկել Երևան` ակնկալելով արդյունավետ հանդիպումներ ՀՀ ԱԳ նախարարի և հանրապետության նախագահի, մյուս կողմից, պարզ է դառնում, որ Ադրբեջանում բաց տեքստով Հայաստանին սպառնում են պատերազմով` այն էլ համանախագահների ներկայությամբ:
Ինչ է նշանակում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում… միգուցե Բաքվին նաև իրավունք վերապահվի խմբագրելու միջազգային իրավունքն ու միջազգայնորեն ամրագրել պատերազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտության սկզբունքը:
Այս տեսանկյունից հարց է առաջանում. ստեղծված իրավիճակում ինչ պետք է ակնկալել համանախագահների տարածաշրջանային այցից:
Իսկ ի՞նչ պետք է ակնկալել, երբ Բաքվում բաց տեքստով շարունակում են խոսել պատերազմի վերսկսումից, ավելին` նույնիսկ համանախագահների հետ խոսում շանտաժի լեզվով, իսկ միջնորդները շարունակ խոսում են լավատեսությունից և արդյունավետ բանակցություններից:
Մի կողմից հայտարարում կողմերի միջև վստահություն կառուցելու ու հրադադարի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, մյուս կողմից հանդուրժում (անտեսում) Ադրբեջանի քայլերը, որոնք հակասում են այդ սկզբունքներին:
Արդեն առիթ եղել է խոսելու այն մասին, որ վերջին շրջանում, միջնորդները անհասցե, ընդհանուր բնույթի հայտարարությունների տակտիկան փոփոխության են ենթարկել` սկսել են կողմերին հրամցնել ընդհանուր բնույթի մեղադրանքներ: Դա առավել ընդգծված էր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում, որում վերջինս նշում էր, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին` հղում կատարելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` նոյեմբերի 19ին կայացած հանդիպմանը ու դրան հետևած ժամանակահատվածին:
Ի դեպ, մի քանի օր առաջ, երկու կողմերի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը , ով նշեց, որ «առաջնագծում տիրող իրավիճակի համար կողմերն են պատասխանատու»:
Եթե իսկապես համանախագահները հնարավորություն են տեսնում` հասնելու կողմերի միջև վստահություն ստեղծմանն ու առաջնագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտումների մինիմալիզացմանը, ապա պետք է աշխատել անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:
Իհարկե, նման առաջարկ միջնորդները մի քանի տարի առաջ կողմերին ներկայացրել էին` դիպուկահարաների դուրս բերման և շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, սակայն ի տարբերություն Հայաստանի և Արցախի, Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը, բառիս բուն իմաստով, տարբեր պաշտոնյաների շուրթերով հայտարարելով, թե առաջնագծում տիրող կայուն իրավիճակը ամրապնդում է ստատուս քվոն, ինչը հակասում է Ադրբեջանի շահերին:
Ու այսքանը մտքում ունենալով, համանախագահները «լուրջ ակնկալիքների» սպասումով ժամանում են Երևան, որտեղ իրականում բացի որևէ մակարդակով հանդիպում կազմակերպելու ֆունկցիայից, այլ անելիք չունեն:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները