Գոռ Վարդանյանը վերջին իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
«Դուքֆենդո» արևելյան մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ֆեդերացիայում կատարված խուզարկության ու հայտնաբերված զենքի մասին տարածված տեղեկություններին:
«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին` անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով», -հայտարարել է Գոռ Վարդանյանը:
Նախորդող հրապարակումներ`
Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում հայտնաբերված զենք-զինամթերքը օգտագործվել է նրա ֆիլմերում
Դերասան Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերվել