Խաչիկ Մանուկյանը՝ Դուբայում 10 միլիոնանոց վիլլա գնելու մասին
Որոշ տեղեկություններով, Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները «Մաքս-օյլ» ու CPS ընկերություններին են պատկանում։ Վերջին ընկերության մասին առանձնապես շատ չի խոսվում, սակայն այն համարվում է վառելիքի շուկայի առաջատարներից և, որոշ տեղեկություններով, նախկինում գտնվել է Սամվել Բաբայանի «կուրացիայի» տակ, հետո արդեն նոր տերեր է ունեցել, որոնց հետ այսօր փորձ է արվում ճշգրտել խաղի կանոնները։ Ի դեպ, որոշ տեղեկություններով, «նոր տերերն» այդ ընկերության սոլյարկայի «թիքից» ժամանակին մասնաբաժին են հանած եղել նաև ոչ անհայտ՝ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին։
Երեկ «Հրապարակ»-ը փորձել է ճշտել՝ համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը։ «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն ասել է, որ, այո, իրենք այդ կողմից էլ են վառելանյութ ներկրում, սակայն իրենց ավտոմեքենաներն արդեն եկել են, և այս պահին որևէ խնդիր չկա, շուտով նոր պարտիա կբերեն։
Ձեռի հետ էլ Տանզանիայում ադամանդի հանք գնած Խաչիկ Մանուկյանից «Հրապարակ»-ը փորձել ճշտել, ճի՞շտ է, որ Դուբայում տասը միլիոնանոց վիլլա է գնել։ «Չէ, հլը չեմ առել»։ Բայց մտքիդ կա՞։ «Հա, բայց հլը փող չունեմ»։
Ինչ վերաբերում է CPS-ին, ապա հեռախոսը վերցրեց նախ տնօրենը՝ Աշոտ Սալանդարյանը, իմանալով, որ զանգողը լրագրող է, անջատեց, հետո նրա զարմիկը վերցրեց ու ասաց, որ վերջինս բուժզննում է անցնում՝ բոլոր հարցերին կպատասխանի մի քանի օրից»: