Վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Իշխող հանրապետականի շատ նեղ և իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Երեկ, «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրել է՝ իրականությանը համապատասխանու՞մ են սույն տեղեկությունները, նա պատասխանել է. «Ոչ: Վարչապետն անձամբ շատ շահագրգռված է, որ իրականությունը պարզվի և հույս ունի, որ վերջին ձերբակալությունից հետո հանրությանն ամեն ինչ պարզ կլինի»:
«Վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները այս ընթացքում պարբերաբար ակտիվացել ու նույն տեմպով էլ մարել են, իսկ իշխող ՀՀԿ-ն մինչև վերջերս էլ հայտարարում էր, թե իրենց օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա: Այդուհանդերձ, օֆշորային սկանդալի առանցքային դեմքի, գործարար Աշոտ Սուքիասյանի ձերբակալությունից հետո, ՀՀԿ-ական շրջանակներում թարմացել է վարչապետի հրաժարականի թեման»,-գրել է թերթը: