Ռուստամ Իբրահիմբեկով. Իրեն հարգող մարդն Ադրբեջանում նվաստացած է զգում
«Ինձ համար Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ կապված պատմությունը, կարծես, պայքար լիներ հողմաղացների հետ` դրանից խուսափել ես չէի կարող: Ես շատ լավ գիտակցում էի, որ Ադրբեջանի իշխանությունները այնքան լավ են պաշտպանված թե ֆինանսապես, և թե կազմակերպչական առումով, որ նույնիսկ ձայների մեծամասնությունը հավաքելու դեպքում հնարավոր չէր լինի ազատվել նրանցից: Սակայն իրավիճակը Ադրբեջանում այժմ էլ այնպիսին է, որ իրեն հարգող մարդը այնտեղ իրեն նվաստացած է զգում»,- ասել է Ռուստամ Իբրահիմբեկովը «Московский комсомолец» ռուսական թերթին տրված հարցազրույցում:
Նա մասնավորապես ասել է. «Ես չէի ուզում քաղաքականությամբ զբաղվել: Ես շատ լավ գիտեի, թե ինչպես կարող էի ապրել իմ կյանքի մնացած տարիները: Սակայն հողմաղացներ հանդիպում են յուրաքանչյուր մարդու առջև անկախ նրա ցանկությունից: Ես մի քանի հոդված էի գրել իմ սիրելի Բաքվում համակարգված կոռուպցիայի, կրթության խնդիրների, միջազգային հարաբերությունների և ժողովրդագրական վիճակի մասին: Ինձ թշնամի հայտարարեցին: Ընտրարշավից ես դուրս մնացի «տեխնիկական» պատճառներով `Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով: Սակայն ես չեմ զղջում իմ կյանքի այս շրջադարձի համար, որի հետևանքները ես կրում եմ մինչ օրս»:
Ամփոփելով` Իբրահիմբեկովը ասել է, որ շարունակում է լինել Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի պատվավոր նախագահը:
Նշենք, որ Ազգային խորհրդի առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովին չեն գրանցել որպես նախագահի թեկնածու` ռուսական քաղաքացիություն ունենալու պատճառով, որից նա չհասցրեց հրաժարվել: Նախագահական ընտրություններին Ազգային խորհրդից առաջադրվեց Ջամիլ Հասանլիի թեկնածությունը:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացել էին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեց` հավաքելով ձայների 85%-ը: Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին երկրորդ տեղն էր զբաղեցրել` ստանալով ձայների 5.5%-ը:
Ընդդիմությունը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ամբողջովին կեղծված էին: ԵԱՀԿ Ժողովրդավար հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և Եվրախորհրդարանը ընտրությունները գնահատել են ոչ ժողովրդավար և ԵԱԿՀ չափորոշիչներին անհամապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում