Պուտինը շնորհակալություն է հայտնել արտասահմանյան գործընկերներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օլիմպիական ավան կատարած այցի ժամանակ շնորհակալություն է հայտնել արտասահմանյան գործընկերներին՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգությունը ապահովելու հարցում ցուցաբերած օգնության համար: Այս մասին տեղեկացնում է «Взгляд» թերթը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրներին, որ ակտիվ կերպով համագործակցում են ռուս գործընկերների հետ»,- նշել է Պուտինը՝ միաժամանակ ավելացնելով,- «Օլիմպիական խաղերի ժամանակ գործելու է արագ արձագանքման շտաբ, որում ամենօրյա ռեժիմով աշխատելու են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ՝ նաև այլ երկրներից»:
Պուտինի խոսքով` խոշոր միջազգային նախագծերի ժամանակ անվտանգային հարցերը միշտ էլ առաջին պլանում են լինում և մտահոգում բոլորին: Այս համատեսքտում Պուտինը հիշատակել է վերջին տարիներին այդ միջոցառումների ժամանակ տեղի ունեցած որոշ ողբերգական դեպքեր:
Նկատենք, որ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովման խնդիրները դարձել են լուրջ քննարկման առարկա, հատկապես վերջին շրջանում Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո:
Այս տարվա հունվար ամսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ ընդգծելով, որ «Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունը ապահովված է բարձր մակարդակով, թեև որոշակի ռիսկեր այնուամենայնիվ շարունակում են մնալ»:
Միաժամանակ տեղեկություններ հրապարակվեցին՝ ըստ որոնց դեպի Սև ծով են մոտենում ամերիկյան երկու ռազամական նավ, որոնք Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակներում կարող են օգնություն ցուցաբերել ռուս գործընկերներին:
Արտասահմանյան լրատվամիջոցները արդեն իսկ Սոչիի օլիմպիական խաղերը բնութագրել են որպես «նախագահ Պուտինի կարևոր փորձություններից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները