Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմավորել են բողոքի ցույցով (լուսանկարներ)
Այսօր Արտաքին գործերի նախարարության դիմաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով հակառակորդի կողմից շփման գծում հրադադարի խախտման ռեժիմի վերաբերյալ չեզոք դիրքորոշում չդրսևորել:
Համանախագահները և ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԱԳՆ վարչական շենք ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման են մտել` անցնելով ակցիայի երիտասարդ մասնակիցների միջով` «Ոչ կեղծավոր քաղաքականությանը», «Ոչ երկակի ստանդարտներին» վանկարկումների ուղեկցությամբ, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
«Եկել ենք ասելու, որ հավասարության նշան չդնեն սահմանագծին Ադրբեջանի և Հայաստանի գործողությունների մեջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Նկատենք, որ համանախագահները Երևան են եկել Բաքվից, որտեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է կայացել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ամբողջական ֆոտոռեպորտաժը` այստեղ