Սարսանգի ջրամբարը պայթեցնելու դեպքում Ադրբեջանի շատ տարածքներ կմնան ջրի տակ
«Արցախի ջրամբարների անվտանգության ապահովումը խիստ անհրաժեշտություն է: Ջրամբարների տեխնիկական վիճակի բացահայտման և շահագործման անվտանգության միջոցների ստեղծման համար իրականացվում է ծրագիր, որով ձևավորել են յոթ աշխատանքային խմբեր, շուրջ 37 աշխատողներ են ընդգրկված», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի պրոռեկտոր, Արցախի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտության ծրագրի ղեկավար Արեստակ Սարուխանյանը:
«Խաչենի, Մատաղիսի և Վարանդայի ջրամբարների տեխնական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Խաչենի և Մատաղիսի ջրամբարները կայուն վիճակում են, իսկ Վարանդայի ջրամբարի վրա կան որոշակի վնասվածքներ, որոնք համալիր վերականգնում են պահանջում»,- ասաց նա:
Մասնագետը նշեց, որ սպառնալիք ներկայացնող վտանգավորության աստիճան չկա: Մատաղիսի ջրամբարի միակ անցանկալի երևույթն այն է, որ լցված է ջրաբերուկներով, ջուրը քիչ է կուտակվում այնտեղ. «Այդ ջրամբարը միայն էներգետիկ նպատակներով է օգտագործվում և բավարար է»:
Ինչ վերաբերում է Խաչենի ջրամբարին, Արեստակ Սարուխանյանը նկատեց, որ այն ամբողջությամբ ծառայում է Մարտակերտի շրջանի տարածքների ոռոգմանը:
«Մարտական գործողությունների ժամանակ որոշակիորեն վնասվել է Վարանդայի ջրամբարը: Հնարավոր է ջրային մեծ հոսքեր լինեն ու պատռվածք առաջանա այդ վնասված տեղերում»,- ասաց նա և ընդգծեց, որ առաջնային այս ջրամբարի վերանորոգումն է:
Վտանգավորության առումով նշվում է նաև Սարսանգի ջրամբարի մասին, որը Եվրոպա աշխարհամասում ամենաբարձր գրունտային պատվարն է:
«Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն բավականին կայուն կառուցվածք ունի, խիստ անհանգստանալու առիթներ չկան: Անհրաժեշտ է իրականացնել շահագործման գործառույթներ, որ հաճախ բաց ենք թողնում»,- ասաց մասնագետը և հավելեց, որ այս ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել են Արցախի կառավարությանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող սպառնալիքներին, թե կպայթեցնեն Սարսանգի ջրամբարը, Արեստակ Սարուխանյանը նշեց, որ պատվարն այդքան հեշտ չէ պայթեցնելը, իսկ եթե այն պայթեցվի, ապա Արցախը դրանից միայն որոշակի նյութական կորուսներ կկրի այն առումով, որ հոյակերտ կառույցը կոչնչանա:
«Մենք մեծ կորսուստներ չենք ունենա, իսկ Ադրբեջանում շատ տարածքներ կհայտնվեն մեծ ջրածածկերի տակ»,- ասաց նա:
Արեստակ Սարուխանյանը տեղեկացրեց, որ 2014-ին ուսումնասիրելու են 20 ջրամբարների տեխնիկական վիճակը. «Դրանք շատ ավելի փոքր են և չունեն տեխնիկական փաստաթղթեր: Մեր մշակված մեթոդիկայով և կանոնակարգերով կբացահատենք, թե որ ջրամբարն ինչ աստիճանի վտանգավորություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները