Կառավարությունը վստահեցնում է, որ ՄՄ-ին անդամակցելը աննախադեպ գնաճի չի բերի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել Մաքսային միության անդամակցելու դեպքում հնարավոր գնաճի վերաբերյալ ուսումնասիրությունները: Ըստ վարչապետի` ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում, թե ՄՄ-ին անդամակցելը բերելու է աննախադեպ գնաճի:
Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ` ընդհանրապես չի կարող արձանագրվել աննախադեպ ինֆլյացիա:
«Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականները շատ հստակ են, խոսել ենք այդ մասին 6-7 ամիս առաջ, ինֆլյացիոն առավելագույն ճնշումը կարող է լինել 1.5%: Դրանից բարձր ինֆլյացիա չենք կարող ունենալ»,- ասաց Վ. Ավանեսյանը:
Նրա խոսքերով` կան ապրանքախմբեր, որոնց համար Հայաստանը դիմելու է ՄՄ-ին, որպեսզի բացառություններ տրվեն:
«Աժիոտաժը առաջացել է նրանից, որ մենք անընդհատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, քննարկում ենք գործարարների հետ, այդ տեղեկատվությունը օգտագործվում է, որ սրվի իրավիճակը: Կարծում եմ, որ պետք է շարունակենք հրապարակային ներկայացնել ամբողջ ցանկը հասարակությանը և հույս ունենք, որ արդեն վաղը ցանկը կուղարկենք ՄՄ, որպեսզի սկսենք բանակցությունները»,- ասաց նախարարը:
Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարին հանձնարարեց, որպեսզի կազմի ժամանակացույց, քսաներկու աշխատանքային խմբերը, որոնք զբաղվում են ՄՄ-ի խնդիրներով, ԶԼՄ-ներին հրապարակային հաշվետվություն տան իրենց կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:
«Մենք պետք է լինենք մաքսիմալ բաց այս հարցում, նույնիսկ եթե թյուրիմացություն է լինում, հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն է առաջին աղբյուրներից, որպեսզի տեղեկատվությունը չխեղաթյուրվի».- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան