Գրավոր, թե բանավոր` լրագրողը նախարարության ընկերուհին չէ
«Փարոս» համակարգում ընդգրկված մեր բազմահազար քաղաքացիներն այս ձմռանը կրկին կանգնեցին խնդրի առաջ` հունվարի 20-ին վճարվելիք նպաստները ուշանում են և մինչ օրս վճարված չեն: Մասնավորապես, Panorama.am-ին դիմած քաղաքացին նշեց, որ միայնակ թոշակառու է և նպաստ է ստանում, սակայն հունվարի 20-ից սպասում է, թե երբ պետք է նպաստը բերեն` չեն բերում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երկար որոնումներից հետո (հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսը, ինչպես միշտ չէր պատասխանում) և մի քանի վարչություն զանգահարելուց հետո վերջապես Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պատասխանեց. «Արդեն սկսել են վճարել»:
Չգիտեմ` որտեղ են սկսել վճարել և ում, բայց քաղաքացին, որ այսօր խմբագրություն էր դիմել, դեռ չէր ստացել: Լավ, դա խնդրի տեխնիկական մասն է և Աստված տա, որ իսկապես վճարումները սկսված լինեն:
Հարց` ինչո՞ւ է ուշացել. «Տարվա սկիզբ որոշակի խնդիրներ են լինում` իրավական, տեխնիկական, օրենք է փոխվել, ծրագրային հարցեր են փոխվել: Ավելի ճշգրիտ վճարումներ անելու համար մեկ շաբաթ ուշացել է»,- ասաց նա:
Իհարկե, պաշտոնյային չուղղեցինք` հունվարի 20-ից փետրվարի 6-ը ամենևին էլ մեկ շաբաթ չի, այլ ավելի շատ ժամանակ: Եվ այդ ժամանակը ավելի երկար է ձգվում ու դաժան, եթե դու միայնակ ես, օգնող չունես ու երբեմն անգամ հաց չես կարող գնել (16 հազար դրամ նպաստով հազիվ էլ միայն հաց կարողանաս գնել) և եթե Ա. Մինասյանը կամ մյուս պաշտոնյաները նման բաները հաշվի առնեին, ապա այդքան հանգիստ-իմիջիայլոց տոնով չէին ներկայացնի իրավիճակը, թե` ուշացում է էլի, սկսել են վճարել:
Հ.Գ. Եվ մի բան էլ: Ինձ միշտ զարմացրել է, որ որոշ պաշտոնյաներ լրագրողի ներկայանալուց, հարց հնչեցնելուց և պատասխանը ստանալուց հետո սկսում են զարմանալ, թե` «նյութի համար ես հարցնում»: Հարգելիներս, իհարկե նյութ եմ գրելու, որովհետև ես ձեր ընկերուհին չեմ, որ զանգահարեմ աշխատանքային ժամին, աշխատանքային հեռախոսով ու ուղղակի զրույցի բռնվեմ: Ի վերջո, եթե ներկայանում եմ ով եմ, դա նշանակում է, որ առնվազն զարմանալի է ձեր զարմանալը, որ այդ ամենը զուտ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ չէ, այլ ընդամենը աշխատանք: Եվ հետո` ինչ է նշանակում լրագրողին պատասխանելուց հետո «հանկարծակի» գալ, որ իր ասվածը նյութում է օգտագործվելու և պահանջել, որ նյութի համար պատասխանները ստանալ միայն գրավոր ճանապարհով, այսինքն` գրավոր հարցեր ուղարկեք կպատասխանենք: Եթե նման տարրական հարցերի չեք կարող պատասխանել բանավոր, ուրեմն մի բան այն չի և դուք ձեր տեղում չեք, ի վերջո` բարդ մաթեմատիկական բանաձև չեմ ասում հաշվարկեք, որը ժամանակ է պահանջում, այլ ընդամենը պատասխանեք այն հարցին, որը հուզում է բոլորիս, թերևս, բացի ձեզնից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները