Քաղաքագետ. Համանախագահները հասկանում են, թե որ կողմը ու ինչ նպատակներով է լարում իրավիճակը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ոչ միայն բանակցությունների շարունակումն է, այլ նաև բանակցային ֆորմատի պահպանումը: Այս համատեքստում Մինսկի խումբը չի կարող կտրուկ ու կոշտ հայտարարություններով հանդես գալ ադրբեջանական կողմի քայլերի վերաբերյալ»,- ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ համանախագահները հասկանում են, թե որ կողմը ու ինչ նպատակներով է լարում իրավիճակը շփման գծում, միաժամանակ հավելեց, որ ամերիկացի համանախագահի վերջին հայտարարություններում տեսանելի են հստակ շեշտադրումներ:
Ս. Մինասյանի խոսքով, մոտ ապագայում չպետք է սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորում, քանի որ ցանկացած կոնֆլիկ ունի սեփական տրամաբանությունը և հեշտ լուծվող չէ:
Ըստ նրա, Մաքսային միությանը միանալով, Հայաստանի ռազմատեխնիկական հնարավորությունների ընդլայնումը կնպաստի ռազմական միջոցների հավասարակշռությանը, ինչի հետևանքով շփման գոտում հազիվ թե զարգացումներ լինեն` ոչ բացասական, ոչ դրական:
«Մենք ունենալու ենք փակուղի, որտեղ չարիքի փոքրագույնը ստատուս քավոյի պահպանումն է լինելու: Ռազմատեխնիկական հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն է տալիս պահպանել ռազմական բալանսը ու այս իրավիճակի պահպանումը»,- ասաց քաղաքագետը: