ՄԱԿ. Սիրիայի իշխանությունները անվտանգ վայր են տեղափոխել թանգարանների ցուցանշումները
Սիրիայի 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը աննախադեպ վնաս է հասցրել երկրի մշակութային և պատմական ժառանգությանը, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրենի տեղակալ Ֆրանչեսկո Բանդարինը: Նա ընդգծել է, որ միակ լավ նորությունն այն է, որ Սիրիայի իշխանություններն իրենց 34 ազգային թանգարանների ցուցանմուշների մեծ մասը տեղափոխել են անվտանգ վայր:
«Թանգարանների ավերումն այդքան էլ ողբերգական չէ, քան կարող էր լինել, եթե չլինեին ցուցանմուշների ոչնչացումը կանխարգելող միջոցառումները, որի համար մենք շնորհակալ ենք և որը շատ կարևոր ենք համարում»,-ասել է Բանդարինը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս կոչ էր արել Սիրիայի հակամարտող կողմերին պահպանել երկրի մշակութային ժառանգության օբյեկտները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` դրանց ոչնչացումը կանխելու համար:
2013 թվականի ամռանը Սիրիայի վեց հնագույն հուշարձանները՝ Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը, ներառվեցին վտանգի տակ հայտնված հուշարձանների ցուցակում:
Պատերազմի ընթացքում ավերվել է Հալեպի 8-րդ դարի Օմայան մզկիթի մինարեթը և դե-Շևալյեի ամրոցը: Հրդեհը զգալի վնասել է նաև Հալեպի հին շուկան:
Բանդարինի խոսքով, հուշարձանների ավերումը կանխելը այս պայմաններում շատ դժվար է:
«Մենք, ամեն դեպքում, փորձում ենք շահագրգիռ կողմերին տեղեկացնել կատարվածի մասին: Ես ստեղծել եմ խումբ, որը գտնվում է Սիրիայում: Նրանք պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում թանգարանների և հուշարձանների վերաբերյալ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրենի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում