Եվրասիան պետք է առավելագույնս շահի իր բնական պաշարներից. Համաշխարհային բանկ
«Բնական պաշարներ ունենալը բնավ էլ անեծք չէ, այլ օրհնություն, եթե երկրները պատշաճ կերպով տնօրինում են բնական պաշարներից ստացված հասույթը՝ ուղղելով այդ եկամուտները ֆիզիկական ու մարդկային կապիտալի զարգացմանը և հաստատությունների բարելավմանը»,- նշվում է Համաշխարհային բանկի օրերս հրապարակված «Դիվերսիֆիկացված զարգացում. առավելագույն օգուտներ բնական պաշարներից Եվրասիայում» զեկույցում:
«Բնական պաշարներով հարուստ երկրների փորձը աշխարհի տարբեր հատվածներում ցույց է տալիս, որ արտահանման կամ արտադրանքի դիվերսիֆիկացումը զարգացման համար անհրաժեշտ կամ բավարար չէ: Մեր նոր զեկույցով եվրասիական տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տրվում ավելի քիչ մտահոգվել արտահանման կամ արտադրության դիվերսիֆիկացման հարցերով և ավելի շատ մտածել ազգային ակտիվների պորտֆելի դիվերսիֆիկացման մասին, որպեսզի երաշխավորվի ավելի լավ հավասարակշռվածություն բնական պաշարների, ձևավորված կապիտալի ու տնտեսական հաստատությունների միջև,- ասել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Թաքը:
Զեկույցի համաձայն, Եվրասիայի պորտֆելում ներկայումս մեծ տեղ են գրավում նյութական ակտիվները, ինչպիսիք են՝ նավթն ու գազը, դպրոցներն ու հիվանդանոցները, իսկ որոշ դեպքերում ճանապարհներն ու երկաթուղագծերը: Միաժամանակ, այդ երկրները ետ են մնում առավել հաջողակ երկրներից ոչ նյութական ակտիվների մասով, ինչպիսիք են՝ կրթական մակարդակը, առողջապահության որակը և հաստատությունները, որոնք կառավարում են անկայուն ռեսուրսների ձեռք բերումը, մատուցում են բարձրորակ հանրային ծառայություններ և արդյունավետ կերպով կարգավորում են մասնավոր ձեռնարկատիրությունը:
Զեկույցն ուսումնասիրում է տնտեսական զարգացումը Եվրասիայի տասներկու երկրներում, որոնցից վեցը՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան հարուստ են բնական պաշարներով, իսկ մյուս վեցը՝ Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Վրաստանը, Տաջիկստանը հարուստ չեն: Վերջին երկու տասնամյակում բնական պաշարները կենտրոնական դերակատարում են ունեցել ողջ տարածաշրջանի համար, քանի որ բնական պաշարներով հարուստ պետությունների կարողությունն աճել է և նրանք իրենց բարեկեցությունը առևտրի, միգրացիայի, ներդրումների ու աջակցության միջոցով հասանելի են դարձրել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Զեկույցով բացահայտվել է, որ բնական պաշարների հաշվին ձևավորված հարստությունն առայժմ դրական ազդեցություն է ունեցել Եվրասիայի համար, օգնել է բարելավել Եվրասիայի 280 միլիոն ազգաբնակչության մեծ մասի կենսապայմանները: 2000թ. ի վեր անձնական եկամուտները հնգապատիկ աճ են ունեցել, բարելավվել են կրթական ու առողջապահական ծառայությունները: Ամենատպավորիչ ձեռքբերումն, իհարկե, տարածաշրջանում աղքատության նկատելի կրճատումն է, որն 1990-ականների համեմատ կիսով չափ նվազել է: Այս բոլոր բարելավումները համընկել են ապրանքների բարձր կամ աճող գների հետ:
Զեկույցը մատնանշում է, որ ավելի լավ տնտեսական հաստատությունները Եվրասիայի բոլոր երկրներում կարող են մեծացնել պետական ֆինանսների կայունությունն ու կրճատել դրանց փոփոխականությունը, բարելավել կրթությունն ու ենթակառուցվածքները՝ մեծացնելով աշխատողների արտադրողականությունը և ամրապնդել մրցակցային ռեժիմները՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը: Առաջիկա տասնամյակի համար Եվրասիայի երկրների համար սահմանվում են հետևյալ երեք գերակայությունները. կայունացում, կրթություն և մրցակցություն:
Համաձայն աղբյուրի, բնական պաշարներով հարուստ երկրների ընդհանուր զարգացման հաջողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանով, թե ինչպես են հաջողակ երկրներն իրենց ռեսուրսները վերածում ձևավորված կապիտալի, ինչպիսիք են ենթակառուցվածքները, կրթված և առողջ ազգաբնակչությունը: Զեկույցը Եվրասիայի բնական պաշարներով հարուստ ու ոչ հարուստ երկրների համար նպատակահարմար է գտնում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների ու երկաթուղագծերի, խողովակաշարերի, հոսանքի բաշխիչ համակարգերի և հեռահաղորդակցության ցանցերի բարելավման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի բնական պաշարներով ոչ հարուստ երկրները ենթակառուցվածքներով զիջում են հարուստ հարևաններին, սակայն այդ երկրները հետևողականորեն մեծացրել են պետական ներդրումները և կարողացել են 2010թ.-ի դրությամբ իրենց մեկ շնչին ընկնող ֆիզիկական կապիտալը 2005 թ.-ի համեմատ գրեթե մեկ երրորդով ավելացնել: Երկրները, որոնց համար առավել օգտակար կլինեն ֆիզիկական կապիտալում ներդրումները, Ռուսաստանն ու Ուկրաինան են:
Տարածաշրջանի մնացած բոլոր երկրների համար առավել հրատապ են ներդրումները մարդկային կապիտալում, հատկապես կրթության մեջ: Կրթության որակի միջազգային գնահատումները ցույց են տալիս, որ տարածաշրջանը կրթական որակով ետ է մնում: Զեկույցը մատնանշում է, որ Եվրասիայի բնական պաշարներով հարուստ ու ոչ հարուստ երկրների համար նպաստավոր կլինի պետական ծախսումների ավելացումը կրթության ոլորտում և այդ միջոցների նպատակային արդյունավետության բարելավումը:
Զեկույցի մյուս կարևոր բացահայտումներից է այն, որ հաջողության առանցքային գործոն է հանդիսանում ինտեգրումը համաշխարհային շուկաներին, քանի որ դա ձևավորում է բարեկեցություն՝ անկախ դիվերսիֆիկացումից: Զեկույցը համեմատում է երեք ենթատարածաշրջաններ՝ Արևելյան Ասիան, Կենտրոնական Եվրոպան և Եվրասիան և եզրակացնում, որ բոլորն էլ հաջողության են հասել իրենց մրցակցային առավելություններն օգտագործելու ու համաշխարհային շուկաներին ինտեգրվելու միջոցով. Արևելյան Ասիան օգտագործել է իր աշխատուժը, Կենտրոնական Եվրոպան` կապիտալը, իսկ Եվրասիան` բնական պաշարները: Եվրասիան կարող է ավելի մեծ հաջողություններ ունենալ, եթե Արևմտյան Եվրոպայի հետ հաստատված կապերի ամրապնդմանը զուգընթաց նաև ընդլայնի առևտուրը Արևելյան Ասիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում