Ա. Ռուստամյան. Չորս քաղաքական ուժերի օրակարգում իշխանափոխության հարցն է
«Չգիտեմ պարոն Աբրահամյանը ինչ ձևաչափ նկատի ունի, բայց մենք պատրաստ ենք համագործակցել, այլապես այս իրավիճակը կմտնի փակուղի: Այդ բնագավառը մեր ժողովրդի համար չափազանց կարևոր բնագավառ է, բայց սպասենք կոնկրետ առաջարկի»,- ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, ԱԺ նախագահը նախօրեին հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է հանձնաժողով ստեղծել և քննարկել գազի ոլորտի վերաբերյալ կուտակված հարցերը և հորդորեց խորհրդարանական ընդդիմության համագործակցել այդ ֆորմատում:
«Եթե իշխանությունները համապատասխան կամք դրսևորեն` ուրիշ, բայց եթե դա պետք է արվի զուտ քարոզչական մղումներով, ապա իմաստ չունի ոչ հանձնաժողովը, ոչ էլ դրա շրջանակում համագործակցությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի օրակարգում առկա է իշխանափոխության հարցը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե իշխանությունները պատրաստ չեն ամենատարրական հարցերին լուծումներ տալ, ապա իշխանություններին պետք է փոխել և, այո, օրակարգում այդ հարցը կա: Թեև դեռ կան որոշակի տարաձայնություններ չորս քաղաքական ուժերի միջև:
«Ամեն հարց հասունանալու կարիք ունի և այս ամենը, որ կուտակվի, հասարակությանը կհասունացնի այն մտքում: Կան դեռ մարդիկ, որոնք հույսեր են կապում այս իշխանությունների հետ և պետք է դա էլ նվազեցվի ու կրիտիկ զանգվածը գա նրան, որ այս իշխանություններին պետք է փոխել: Եվ ուրեմն այս օրակարգը կա, մենք այդ օրակարգից չենք հրաժարվել ու չենք հրաժարվելու, բայց ինչպես գնալ դրան, ինչ բովանդակությամբ և ամենակարևորը` ինչպես գնալ նրան, որ փոխված իշխանությունն էլ նույն սխալը չկրկնի, ահա սրա վրա ենք մենք աշխատում»,- նշեց Ա.Ռուստամյանը:
Նա նաև հավելեց, որ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ժողովրդավարությունը ամուր արմատներ քցի Հայաստանում: Եվ որ հստակ է մեկ բան` այսպես երկար շարունակվել չի կարող:
Նախորդիվ`
Ռ. Հակոբյանը ԱԺ նախագահի հայտարարության մեջ քմահաճույք է տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան