Օտարազգի անվանի ռեժիսորները ֆիլմեր են նկարահանում Հայոց ցեղասպանության մասին
«Այսօր օտարազգի անվանի ռեժիսորները նախաձեռնել են Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներ: Երկուսն արդեն պատրաստ են»,- այս մասին ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց, որ ֆիլմերը դեռ չի դիտել:
Նախարարը նաև հայտնեց, որ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանում էլ նկարահանվելու են երեք վավարեգրական ֆիլմեր՝ Ցեղասպանության մասին:
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ընտրված ֆիլմերին, Հ. Պողոսյանն ասաց, որ այդ որոշումը կլինի մոտակա 1-2 ամիսների ընթացքում:
«Այն ֆիլմերը, որոնք պետական աջակցություն են ուզում, կքննարկվեն ու որոշում կկայացվի,- ասաց նախարարը, ապա հավելեց, -չեմ ընդունում, որ մինչև 2015 թվականի ապրիլի 24 պետք է բոլոր ծրագրերն իրականացվեն, ամեն ինչ գրվի ու ամեն ինչ նկարահանվի: Պետք է ծրագիրը հասունանա, ձևավորվի, նկարահանվի: Մենք խնդիր չունենք՝ անպայման ամեն ինչ հասցնել ավարտել մինչ այդ օրը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ասել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի վեց նախագիծ, սակայն ֆիլմ դեռևս չի ընտրվել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն էլ ասել էր, որ «Ոսկե ծիրան» 10-րդ փառատոնի ընթացքում քննարկվել են մի շարք ֆիլմեր, ընտրվել են հինգը, որոնք մասնակի աջակցություն են ստացել մշակույթի նախարարությունից, բայց պետական հանձնաժողովը որևէ առանձին քննություն չի կատարել, որոշում դեռ չի կայացրել:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ծրագրերի իրականացումը ՀՀ կառավարության 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններից է: Նախարարը տեղեկացրեց, որ հայերեն ու օտար լեզուներով հրատարակվելու են ցեղասպանությանը նվիրված գրականություն (10 անուն), ՀՀ-ում և արտերկրում անցկացվելու են երաժշտական ծրագրեր, իրականացվելու են թատերական և կինոնախագծեր, կազմակերպվելու են ցուցահանդեսներ:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկ Դեմոյան. Պետական հանձնաժողովը որոշում դեռ չի կայացրել
Պետական հանձնաժողովը դեռ չի ընտրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում