Հայաստանում ատելության խոսքը հիմնականում տարածված է առցանց լրատվամիջոցներում
Հայաստանյան լրատվամիջոցներում ատելության խոսքը 1 տոկոս է կազմում: Ատելության խոսքի տարածվածության առումով առաջատարը երեք օն-լայն լրատվամիջոցներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը ներկայացրեց, որ հետազոտվել է ընդհանուր առմամբ հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):
Հեռուստաընկերությունների դիտարկման օբյեկտ են եղել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումների նյութերը («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոնի» եթերում` «Էպիկենտրոն»), ինչպես նաեւ` այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»): Ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է` 151939 հրապարակումներում:
Մելիքյանի ներկայացմամբ, ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ատելության արտահայտություններն առավել հաճախ են հանդիպում առցանց ԶԼՄ-ներում, քան թերթերում և հեռուստահաղորդումներում: Այսպես, երեք կայքում («1in.am», «7or.am», «Tert.am») արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1097 է: «Ամենաշատը գրանցվել է «7or.am»-ում՝ 567: Եթե դուք ուզում եք ատելության խոսքերի, մանավանդ քաղաքական ատելության խոսքերի պատկերը տեսնել, ապա պետք է կարդալ 7or.am: Այնուհետև այս լրատվամիջոցին հաջորդում է Tert.am-ը, որտեղ ատելության խոսքի ամենաքիչ քանակն արձանագրվել է «Tert.am» կայքում` 176 արտահայտություն: Իսկ «1in.am»-ում դրանք 354-ն են», -ներկայացրեց Մելիքյանը:
Ատելության խոսքի ամենաքիչ քանակը, ըստ կոմիտեի նախագահի, գրանցվել է դիտարկված հեռուստաընկերությունների` «Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն» հաղորդումներում: Այս դեպքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է ատելության 206 արտահայտություն, ամենաքիչը`«Հ1» հեռուստաընկերության եթերում` 29, ամենաշատը`«Կենտրոնում»` 116 ատելության խոսք: Իսկ «Երկիր մեդիայի» հաղորդումներում գրանցվել է ատելության 61 արտահայտություն:
Տպագիր ԶԼՄ-ները նույնպես, ըստ բանախոսի, միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների և հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում` «Ազգ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» հանդիպել է ատելության 492 արտահայտություն: Այստեղ ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում` 247, ամենաքիչը` «Ազգ»-ում` 86 ատելության արտահայտություն: Իսկ «Հայոց աշխարհ» օրաթերթում այդպիսիք 159-ն են:
Ըստ ներկայացված տվյալների, ատելության արտահայտությունների հեղինակները հիմնականում լրագրողներն են` 67,9 տոկոս, մնացած դեպքերում` քաղաքական գործիչները կամ պետական պաշտոնյաները` 9,6 տոկոս, «vox populi»` 5,1 տոկոս, հասարակական գործիչները` 2,4 տոկոս և այլն:
«Շատ մտահոգիչ է, որ ատելության խոսքի հեղինակները լրատվամիջոցներում հենց լրագրողներն են: Սա վկայում է այն մասին, որ բարի կամքի, ցանկության և արհեստավարժություն ցուցաբերելու դեպքում, կարելի է, այնուամենայնիվ, զերծ մնալ առհասարակ, այդ ատելության արտահայտություններից կամ դրանք հասցնել նվազագույնի», -հավելեց Աշոտ Մելիքյանը` նկատելով, որ եթե ուշադրություն չդարձվի այդ հանգամանքի վրա, ապա այն տարածվելու միտում ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները