Երկաթգծի շենքի բնակիչների վերաբնակեցման գործընթացը սկսվելու է մարտ ամսին
Երևանի Արցախի փողոցում, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տարածքում մոտ 20 տարի ապրող 12 ընտանիքիներ կառավարության որոշմամբ կտեղափոխվեն Արցախի 42 հասցեում մեկ այլ շենք:
«Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկությունները հաստատել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության թերթի աղբյուրները:
Նրանք թերթին հայտնել են, որ կառավարության ծրագրով նախատեսված է, որ բնակիչները այդ տարածքից պետք է տեղափոխվեն: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 30 տարով կոնցեսիոն կառավարման է տրվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, նրան է հանձնվել ամբողջ ենթակառուցվածքը, այդ թվում՝ բնակելի տարածքները, որտեղ մարդիկ են ապրում: Ինչ վերաբերվում է բնակիչների իրավական կարգավիճակին, նրանցից ոչ ոք այդ տարածքների սեփականատեր չէ: Դրա սեփականատերը ՀՀ կառավարությունն է, որը կոնցեսիոն պայմանագրի կողմ է հանդիսանում: Միևնույն ժամանակ, կառավարությունը մտադիր է այդ 12 ընտանիքին տեղավորել մեկ այլ տարածքում՝ Արցախի 42 հասցեում գտնվող մի շենքում, սեփականության իրավունքով:
Սակայն «Հարավկովկասյան երկաթուղու» տարածքի բնակիչները դեմ են նոր առաջարկվող պայմաններին: Թերթի տեղեկություններով, բնակիչների վերաբնակեցման գործընթացը սկսվելու է մարտ ամսին: