Քաղաքագետ. ԼՂ հակամարտության կարգավորման մեջ փոփոխություններ չեն լինի
«Կովկաս» իստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ փոփոխություններ չեն լինի. «Ղարաբաղում ոչինչ տեղի ունենալ չի կարող: ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ոչ մի փոփոխություն չի լինի, դա անհնար է, ո՛չ այս, ո՛չ այն կողմ: Առնվազն կարճաժամկետ հեռանկարում ներկայիս իրավիճակը կպահպանվի: Մասնավորապես` համանախագահները կշարունակեն փորձել չսպանել Մինսկի գործընթացը: Գործընթացի պահպանման համար կարվի ամեն ինչ, այն պատճառով որ այն կողմերի համար անվտանգության որոշակի ձևաչափ է»:
«Միսկի խմբի հիմնական խնդիրը այս փուլում բանակցային գործընթացի պահպանում է: Դա ամենևին վատ խնդիր չէ: Իմ կարծիքով, Մինսկի գործընթացը պետք է պահպանվի, այն պարզ պատճառով, որ այն ստատուս-քվոյի պահպանման ձևաչափերից մեկն է»,- հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին մշտապես հավասարակշռված գնահատական տալուն,ապա դա, ըստ քաղաքագետի, բնական գործընթաց է: «Համանախագահների նպատակը Մովսես Առաքյալ լինելն ու ճիշտը ասելը չէ: Նրանց գործը գործընթացի շարունակականության ապահովումն է»:
Անդրադառնալով շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածությանը` քաղաքագետը նշեց, որ սադրանքները իրականացվում են Բաքվի ուղիղ հրամանով: «Ադրբեջանական կողմը նման քայլերի գնալու հստակ դրդապատճառ ունի և դա անկասկած լարվածության պահպանումն է»:
Միևնույն ժամանակ բանախոսը գրեթե ի սպառ բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունը:
«Պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ է, որ այն վերսկսող կողմը ցանկալի է 80, իսկ ամենաքիչ 50-60 տոկոսով վստահ լինի, որ հաղթանակը իրական է: Ղարաբաղում նման հավանականությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացառվում է»,- նշեց Ա. Իսկանդարյանը: