Կարծիքներ. Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել ԵԱՀԿ արդյունավետությունը
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանին միջազգային հանրության կարծիքը չի հետաքրքրում, ոչ էլ կարևորություն է տալիս ԵԱՀԿ առաքելության գործունեությանը:
«Ադրբեջանը մշտապես խիստ քննադատության է ենթարկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, անտեսում նրանց իր ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ տեսանկյունից որևէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Ի դեպ առաջին անգամ չի, որ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերում առաջապահ դիրքեր, իսկ դա որպես կանոն նրա համար հետևանքներ չի ունենում»,- նշեց նա:
Գ. Կարապետյանի խոսքերով, չի բացառվում, որ Ադրբեջանն առաջնագծում թաքցնելու բան ունի, չմոռանանք, որ օրեր առաջ տեղեկատվություն եղավ վերջինիս կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դեռ չի հասցրել կամ չի պատրաստվում հեռացնել զինտեխնիկան առաջնագծից:
«Ամեն դեպքում Ադրբեջանը որևէ քայլով չի ձգտում իրավիճակի կայունությանը ու այդ ճանապարհին պատրաստ է ամեն գնով կասեցնել կայունությանն ուղղված բոլոր քայլերը, եթե նույնիսկ դրանք արվում են միջազգային հանրության կողմից:
Տավուշցիների հայրենակցական միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանը այս կապակցությամբ նշեց, որ Ադրբեջանը նմանատիպ քայլերով փորձում է ցույց տալ ԵԱՀԿի անարդյունավետ լինելու հանգամանքը:
«Ադրբեջանը մշտապես ձգտել է խեղաթյուրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը ու այս ճանապարհին ձգտում է ամեն կերպ ապացուցել ԵԱՀԿ առաքելության անկարողությունը: Սրանից բացի, պաշտոնական Բաքուն, տարբեր միջոցներով փորձում է ի ցույց դնել իր անհամաձայնությունը բանակցային պրոցեսում ընթացող զարգացումների վերաբերյալ»,- ասաց Գ. Մելիքյանը:
Ադրբեջանն առաջնագծում հարձակվողական գործողություններին անհրաժեշտ ենթակառուցվածքներ է կառուցում, ինչը փորձում է խնամքով թաքցնել ԵԱՀԿ առաքելությունից»,- հավելեց վերջինս: