Իրանական ընկերությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութեր է արտադրում
Իրանական ընկերությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութի արտադրություն է սկսել: Այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:
«Բիոլոգիական պարարտանյութի արտադրությունը կազմակերպվել է օգոստոսից: Ուսումնասիրելով համաշխարհային շուկան, մենք հարմար գտանք դա անել Հայաստանում: Այդ պատճառով էլ անցյալ տարի ամռանը ընկերությունը գրանցվեց այստեղ: Սեպտեմբերից սկսեցինք արտադրությունը»,- պատմեց ընկերության տնօրենն ու հավելեց, որ գյուղացիներն օգտվել են ապրանքից, արդյունքներին են սպասում:
«Արմեն Բիոթեքը» Աբովյան քաղաքում տարածք ունի, որտեղ լաբորատոր սարքավորումներ կան: «Հույս ունենք, որ այս քայլով օգտակար կլինենք Հայաստանի գյուղատնտեսությանը: Դրա շնորհիվ նաև Հայաստանում աշխատատեղեր կստեղծվեն»,- ասաց Սիամաք Ալիզադեհը:
Նա նաև նշեց, որ հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները, Եվրոպա մուտք գործելու համար Հայաստանն են ընտրել, ընկերության արտադրած պարարտանյութերն արտահանվել են մի քանի երկրներ:
«Բանակցություններ ենք տանում Հայաստանի հարևան ու Եվրոպական երկրների հետ, որպեսզի Հայաստանի արտադրանքը կարողանանք արտահանել: Մեր սպասելիքն այն է, որ կարողանանք մեր արտադրությունն ավելի ծավալուն անել, բացի պարարտանյութից նաև թունաքիմիկատներ արտադրել: Հիմք հանդիսանանք գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց տնօրենը:
Ըստ Սիամաք Ալիզադեհի, այս պարարտանյութի շնորհիվ բնությունը չի աղտոտվի, օգտագործողն էլ ավելի առողջ սնունդ կստանա: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, իրենց արտադրած մեկ սրվակ պարարտանյութը համարժեք է երեք պարկ քիմիական պարարտանյութին:
Կազմակերպությունը համարվում է ՀՀ ռեզիդենտ, ներդրումներն իրանական են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան