ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցը մահացել է
Նախօրեին մահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցը: Կոնսերվատորիայից Panorama.am-ին հայտնեցին, որ նա հիվանդ է եղել:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կլինի Ռ. Հակոբյանցի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը:
Ռ. Հակոբյանը ծնվել է 1942 թվականին:
«Կարծեմ Չայկովսկին է ասել. «Արվեստի մարդու համար հանգիստն համազոր է մահվան»: Ես չեմ պատկերացնում այդ հանգիստը, որովհետև ինձ դեռ զառամյալ ծերունի չեմ զգում: Իմ օրը հագեցած է, օրվա բոլոր ժամերը վաղօրոք ծրագրված են: Եթե ես նստեմ տանը, չմտածեմ աշխատելու մասին` սիրտս կպայթի: Մանավանդ հիմա, երբ զգում եմ, որ աստիճանաբար անհետանում են մեր արժեքները, երբ հարկավոր է առավել նախանձախնդիր վերաբերմունք ունենալ հատկապես մեր օպերային արվեստի նկատմամբ:
… Իմ հաջողություններն իմ սաներն են: Ես շատ շուտ թողեցի օպերային երգչի կարիերան և անցա մանկավարժական գործունեության: Այդպես դասավորվեց իմ կյանքը: Բայց չեմ դժգոհում, որովհետև ունեցա շատ լավ սաներ, լավ աշակերտներ: Այո´, նրանցից շատերն այսօր Ռուսաստանի և Եվրոպայի առաջավոր թատրոններում են, կատարում են գլխավոր դերերգեր, արդեն կայացած արվեստագետներ են: Շատ կուզենայի, որ մեր օպերայի բեմում երգեին, բայց, ինչպես ասում են` մեծ նավին մեծ նավարկություն... Արվեստագետի կյանքում հնարավորությունը մեկ անգամ է տրվում, ու նա պետք է օգտվի այդ հնարավորությունից: Հպարտանում եմ, երբ իրենց հարցազրույցներում հիշատակում են իմ անունը, նշում, որ ինձանից ինչ-որ բան սովորել են: Սովորեցնելը նույնպես արվեստ է, որի շատ գաղտնիքներ ես Գոհար Գասպարյանից եմ ժառանգել: Նա հրաշալի էր աշխատում ուսանող երգիչների հետ, կարողանում էր բացահայտել նրանց, ինքնաճանաչման մղել: Երբ երգիչը ճանաչում է իր ձայնը, գիտե իր ձայնածավալի հնարավորությունները, նա կարողանում է հեշտությամբ տիրապետել ցանկացած նյութի»,- նախորդ տարեվերջին «Ավանգարդ»-ին տված հարցազրույցում ասել է պրոֆեսորը:
«Զարմանալի, հետաքրքիր, ինքնատիպ, միշտ կնամեծար և միշտ հոգատար բոլորի հանդեպ...… Այսպիսին է Ռաֆայել Հակոբյանցը` իմ երկար տարիների ընկերն ու բարեկամը, իմ արվեստակիցը: Տարիների բարեկամությունն է կապում մեզ, ու տարիների մեջ չի փոխվել Ռաֆիկը, չի կորցրել իր դիմագիծը: Ես հպարտանում եմ նրա հետ ունեցածս ընկերությամբ»,-Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանն այսպես է ներկայացրել Ռ. Հակոբյանցին:
«Հրաշալի մարդ է Ռաֆայել Հակոբյանցը, հրաշալի երաժիշտ ու մանկավարժ, իր գործը սիրող անհատականություն: Երկար տարիների բարեկամություն ունեմ նրա հետ, երկար տարիներ գիտեմ ու ճանաչում եմ նրան: Այդ ճանաչումն օգնել է ինձ հասկանալ ու գնահատել նրան, տեսնել այնպիսի հատկանիշներ նրա մեջ, որոնք ուրիշների մոտ բացակայում են: Այսօր շատ շնորհալի վոկալիստներ հպարտությամբ կարող են ասել, որ Ռաֆայել Հակոբյանցի սաներն են եղել: Հպարտությամբ, որովհետև նրա անունն արդեն իրենց առջև դռներ է բացում: Մեծ աշխատանք է կատարել Ռաֆիկը մեր օպերային թատրոնի համար, այսօր շատ երիտասարդ երգիչ-երգչուհիներ նրա դպրոցն են անցել, հաջողություններ գրանցել: Ես պատահական չասացի` դպրոց, որովհետև Հակոբյանցն արդեն իր մանկավարժական դպրոցն ունի, որը շատ լավն է և շատ հուսալի»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Բարսեղ Թումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան