Վերջին տարիներին Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազում են
Վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, մասնավորապես` տպավորիչ են մանկական և մայրական մահացության ցուցանիշների նվազեցման միտումների վերաբերյալ տվյալները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքերով` մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները վերջին տարիներին շարունակաբար եղել են ՀՀ կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակայությունների շարքում:
«Արդյունքներն արդեն տեսանելի են և հուսով ենք, որ առաջիկայում նույնպես լուրջ հաջողություններ կգրանցենք»,- ասաց փոխնախարարը:
Այսպես, վերջին տարիներին հանրապետությունում արձանագրվում է թե’ մանկական և թե’ մայրական մահացության ցուցանիշների շարունակական իջեցում: Մասնավորապես, մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը (19.2/100000 ծնունդից) 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ (23.2/100000 ծնունդից) նվազել է 17%-ով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում` շուրջ 16%-ով (2011թ.` 11.6‰, 2013թ.` 9.8‰): Մանկական մահացության ցուցանիշի այս նվազումը ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
Ինչ վերաբերում է մայրական մահացության ցուցանիշներին, ԱՆ մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ առաջին անգամ մայրական առողջության ոլորտում մայրական մահացության ցուցանիշը եղել է 20 պրոմիլից ներքև, ինչը 2000թ-ի համեմատ նվազել է 2 անգամ (2000թ-ին այդ ցուցանիշը եղել է 40 պրոմիլի սահմաններում): Ըստ նրա` թեև այս ցուցանիշով Հայաստանում առաջընթաց կա, սակայն ԵՄ երկրների համեմատ մայրական մահացության դեպքերը դեռևս շատ են:
Կ.Սարիբեկյանի խոսքերով` այս դրական միտումները արդյունք են նախարարության կողմից մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ծառայությունների մատչելիության ու որակի բարելավման ուղղությամբ շարունակաբար իրականացվող ծրագրային աշխատանքների, որոնց շարքում առավել նշանակալից դերակատարում են ունեցել կանխարգելիչ և սկրինիգային ծրագրերը: Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005թ.-ից, որոնք հետագա տարիներին ընդլայնվել են` ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:
Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ ծրագրեր են իրականացվում` բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում:
«Սրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ անգամներ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին»,- ասաց Կ.Սարիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա