Թուրքիայում բնակվող ադրբեջանցի բլոգերը արտաքսվել է երկրից` Twitter-ում էրդողանին քննադատելու համար
Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին` Twitter-ում կատարած հրապարակումների պատճառով»,-գրում է թուրքական «Զաման» թերթը:
Ըստ աղբյուրի` Զեյանլովը մեղադրել է Էրդողանին` Ալ Քաիդայի հետ կապ ունենալու մեջ:
Ադրբեջանցի լրագրողը Twitter միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Թուրք դատախազները հանձնարարել են ոստիկանությանը ձերբակալել Ալ Քաիդայի հետ կապ ունեցող անձանց: Էրդողանի նշանակած ոստիկանապետները չեն ենթակվել այս հրահանգին»:
«Today’s Zaman»-ի տեղեկություններով` թվիթերյան նշյալ գրառումից հետո կառավարությանն իրազեկել են, որ @mahirzeynalov օգտատերը «պետության և կառավարության ղեկավարների հանդեպ իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հրապարակում»:
Այնուհետև անվտանգության վարչությունը հետախուզությանը հանձնարարել է գտնել, թե ում է պատկանում վերոնշյալ թվիթերյան հաշիվը, ինչից հետո վարչապետ Էրդողանը հայց է ներկայացրել Զեյնալովի դեմ` «իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակական ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»:
Մահիր Զեյնալովը կանչվել է հարցաքննության: Նա իր տված ցուցմունքոմ նշել է, որ իր գրառումները հիմնված են մամուլի հրապարակումների վրա:
Այսպիսով` Թուրքիայի Ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Բաշթյուրքը նախարարի անունից ստորագրել է «երկրի ղեկավարների դեմ «tweet» անելու համար» Զեյնալովին արտաքսելու և հետագայում Թուրքիա մուտք գործելու վրա արգելք սահմանելու մասին որոշումը:
Զեյլանովը 4 տարի է, ինչ ապրում էր Թուրքիայում, իսկ 15 ամիս առաջ ամուսնացել է թրքուհու հետ և կեցության իրավունք ստացել: