Վեսելիցկի. Ադրբեջանը ստեղծվել է հայերի, լեզգիների, ավարների և թալիշների պատմական տարածքներում
«Ադրբեջանը ստեղծվել է հայերի, լեզգիների, ավարների, թալիշների, ուդիների, ցախուրների, թաթերի պատմական տարածքներում: Այս վայրերում դեռ հին ժամանակներից երկու պետություն է եղել `Հայաստանը, որը տարածվում էր Կուր գետի ստորին հատվածում, և Կովկասյան Ալբանիան`Կուրից հյուսիս ընկած հատվածում`զբաղեցնելով ներկայիս Դաղստանի տարածքի կեսը»: Այս մասին ասվում է Յուրի Վեսելիցկու «Անջատողականություն կամ ինքնորոշման իրավունք» հոդվածում` տպագրված «Московский комсомолец» ռուսական թերթի կայքում:
Հեղինակը նշում է, որ Դաղստանում հնուց 26 ազգեր են ապրել, սակայն նրանց թիվը քոչվոր թյուրքերի հաշվին ավելացել է: Հանրապետության առաջնորդները, երկակի խաղ վարելով Բաքվի և Մոսկվայի հետ, փորձում էին պահպանել իրենց իշխանությունը: Սակայն հենց այս պատճառով էլ երկրում ներքին անկայունություն էր ստեղծվել:
1990-ական թվականներին բազմաթիվ իսլամիստական ուսմունքներ և շարժումներ մուտք գործեցին Դաղստան: Սակայն իշխանությունների խնդիրը չտեսնելու ձգտումը, այդ թվում լեզգի-ավարական ողբերգությունը, և լեզգիների և ավարների ազատագրական շարժումները զսպելը, ազգային փոքրամասնությունների խնդրի լուծումը չէր կարող լինել:
«Լեզգիստանը և նրա ժողովուրդը 1922թ.-ի ԽՄԿԿ-ի Անդրկովկասյան բյուրոյի որոշմամբ բաժանվել է Ռուսաստանի և Բաքվի իշխանությունների միջև, ինչպես նաև Սամուր գետի ստորին հատվածի շատ ավարական տարածքներ տրամադրվել են Ադրբեջան ԽՍՀ-ին: Այս ամենին հաջորդել է լեզգիների և ավարների բռնի ուժով «ադրբեջանացնելու» գործընթացը. Խորհրդային Ադրբեջանում հանրակրթական հաստատություններում լեզգիական և ավարական լեզուների ուսումնասիրումը արգելված էր, ինչպես նաև հաղորդումները թե հեռուստացույցով, և թե ռադիոյով բացառապես ադրբեջաներենով էին իրականացվում, շրջանը արագորեն վերաբնակեցվում էր ադրբեջանցիներով, մարդահամարների և փաստաթղթերի տրամադրման ժամանակ ավարներին և լեզգիներին բռնի ուժով ստիպում էին ներկայանալ որպես ադրբեջանցի»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է նաև, որ վերակառուցումն ու ղարաբաղյան պատերազմը ևս նպաստել են Ադրբեջանի հանրապետության հյուսիսային մասի ավարների և լեզգիների «վերացմանը»: Այստեղ եկան պատերազմի տարածքը լքած փախստականները, իսկ Ղարաբաղ պատերազմելու էին ուղարկվում հիմնականում պատերազմական գործողություններին գրեթե ոչ պատրաստ նորակոչիկները`ավարները, լեզգիները, թաթերը, թալիշները:
«Քիչ չեն եղել դեպքերը, երբ թալիշ, ավար կամ լեզգի զինվորները և սպաները անցել են հայերի կողմը: Հայտնի է, որ հայկական կողմը նրանց ինքնակամ վերադարձրել է Դաղստան: Այսօր Զակատալ, Բելոկան և Կախ շրջանների իշխանությունը կենտրոնացած է ադրբեջանցիների ձեռքերում: Զակատալիում պաշտոնյաների 95%-ը ադրբեջանցիներ են` հիմնականում Նախիջևանից եկած, չնայած որ նրանք ընդամենը բնակչության 27%-ն են կազմում: Յուրաքանչյուրը, ով կհամաձակվի քննադատել այս իրավիճակը, իր կյանքը ռիսկի կենթարկի»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ քիչ չէ Ադրբեջանի այն լեզգիների և ավարների թիվը, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել: Ըստ մի շարք միջազգային հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների` Ադրբեջանի բանտերում ընդհանուր թվով 300 ավար կա:
«Բաժանված ժողովուրդը փորձում է միացնել երկու հատվածները և առնվազն Ռուսաստանի կազմում ինքնավար պետություն դառնալ: Կախի, Զակատալիի և Բելոկանի ավար ժողովուրդը ձգտում է միավորվել Դաղստանի հատվածի հետ: Սակայն Կասպյան նավթի գործոնը օգտագործելով` Ադրբեջանի իշխանությունները կարողանում են մեծ տերությունների գործիչներին համոզել, որպեսզի ճնշեն լեզգի- ավարական ազգային-ազատագրական շարժումները»,- նշում է Վիսելիցկին:
Ըստ հեղինակի` ամենավատ իրավիճակում գտնվում է թալիշ ժողովուրդը: Պատերազմի ժամանակ թալիշ ժողովուրդը գնդապետ Ալաքրամ Հումմաթովի հրամանատարության տակ ապստամբեց Ադրբեջանի բռնապետության դեմ` հռչակելով Թալիշ-Մուղանյան հանրապետությունը: Ադրբեջանում ներքին քաղաքական ճգնաժամի պատճառով երկիր վերադարձավ Հեյդար Ալիևը: Թալիշները երկու անգամ դաժանաորեն ճնշվեցին `1988 և 1993 թվականներին: Եթե Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է թալիշների, թաթերի և քրդերի մեծ մասին վերափոխել և սերտաճեցնել , ապա լեզգիների և ավարների դեպքում դա տեղի չի ունեցել, գրում է հեղինակը:
Հոդվածում նաև նշվում է, որ Ադրբեջանում փորձում են ազգային ինքնություն ձևավորել, սակայն չեն կարողանում կողմնորոշվել անվան և էթնիկ պատկանելիության հարցում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նկրտումները լեզգիների, ավարների, թալիշների, ուդիների, թաթերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ անհիմն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան