Սաուդյան Արաբիայի տաքությունը կտեղափոխվի Հայաստան, և եղանակը կսկսի տաքանալ
«Ներկա դրությամբ մեր տարածք ներթափանցում են տաք օդային հոսանքներ` արևադարձերից, հարավից, Սաուդյան Արաբիայից, և մինչև փետրվարի 12-ը Հայաստանի հանրապետությունը անընդհատ գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության տակ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` տեղեկացնելով, որ այսուհետև ջերմաստիճանն ամեն օր բարձրանալու է 1-ից 2 աստիճանով:
Միաժամանակ, պարոն Սուրենյանն ասաց, որ «խիստ բարձր ջերմային ֆոն» չի լինի այն աստիճան, որ ծառերը բողբոջեն ու հետո էլ ցրտահարության վտանգ առաջանա:
Ինչ վերաբերում է այս տարվա խստաշունչ ձմռանը, ապա Սուրենյանն ասաց, որ այս տարվա Արարատյան դաշտի ձմեռը, երբ դաշտավայրն ամբողջությամբ պատված էր մառախուղով, դժվար էր կանխատեսել: Նա ասաց, որ վերջին խիստ ցուրտ ձմեռը Հայաստանում գրանցվել էր 2008 թվականին, երբ եղանակն ավելի ցուրտ էր, քան այս տարի:
«Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը նվազեց մինչև 28-29 աստիճան, իսկ այս տարի 20 աստիճանից ցածր ցուրտ չի եղել», նկատեց բանախոսը: